Կատալոնական ակումբը բավականին լուրջ ֆինանսական խնդիրներ ունի․ ակումբին սննկացում է սպառնում

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբի ֆուտբոլիստները հրաժարվել են գնալ զիջումների և չեն համաձայնել աշխատավարձի նվազեցման պայմանին։ Ակումբն այս քայլին ստիպված է եղել գնալ, քանի որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով լուրջ ֆինանսական հարվածներ է կրել, և եթե վերջնական համաձայնություն չլինի, ապա «կատալոնական» ակումբը, ամենայն հավանականությամբ, կսննկանա։

«Նոյեմբերի 11-ին, մի քանի օր տևած լարված հանդիպումներից և սպառիչ բանակցություններից հետո, կողմերն ավարտեցին խորհրդակցությունները՝ չհասնելով համաձայնության։

Ակումբի ղեկավարությունը ստիպված էր դիմել նման միջոցների, քանի որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով լուրջ ֆինանսական խնդիրներ էին առաջացել։ Եթե ակումբը ֆուտբոլիստների հետ կարողանար համաձայնության հասնել, ապա 2020/21 մրցաշրջանում ակումբի ծախսերը կնվազեին 300 մլն եվրոյով՝ աշխատավարձի բյուջեն կրջատելով 191 մլն եվրոյով։

Հաշվի առնելով, որ բանակացային գործընթացը անկեղծ և ամուր կամք՝ հասկանալու ակումբի խնդիրները, կողմերը պայմանավորվեցին մինչև նոյեմբերի 23-ը միմյանց ժամանակ տրամադրել՝ քննարկելու և որոշելու, թե արդյոք կլոր սեղանի շուրջ քննարկված առաջարկները դեռևս կարող են ընդունվել»,- նշվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

Հավելենք, որ դեռևս հոկտեմբերին ակումբի մի շարք ֆուտբոլիստներ՝ Ժերար Պիկեն, Կլեման Լանգլեն, Մարկ-Անդրե Տեր Շտեգենն ու Ֆրենկի դե Յոնգը, նոր պայմանագրեր ստորագրեցին ակումբի՝ համաձայնելով աշխատավարձի նվազեցման կետին։