Կարեն Գիլոյանն՝ Արցախից․ Միհրանն այստեղ մեծ գործ է անում՝ անվախ և պատրաստ ամեն ինչի (լուսանկար)

Մենք հաղթելու ենք ու ես այստեղից գոռալու եմ հաղ-թա-նակ: Սպասեք եւ տեսեք, թե ինչպես եմ գոռալու:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արցախից ասաց սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը:


Հոկտեմբերի 5-ին ռուսական WarGonzo հաղորդման ռուս վիդեոբլոգեր Սեմյոն Պեգովը տեսանյութ հրապարակեց Շուշիի համար մղվող մարտերից։ Տեսանյութում երեւում է՝ ինչպես է պաշտպանության բանակը Քարին Տակի մոտ տարածքը մաքրում դիվերսիոն խմբերից: Մարտերի ժամանակ Սեմյոն Պեգովի հետ Քարին Տակում էին նաեւ սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանն ու Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, MMA մարտիկ Միհրան Հարությունյանը, որոնք նույնպես ընկնում են կրա-կի տակ։


«Այն ինչ ցուցադրված էր տեսանյութում, ամենամեղմ դրվագներն էին: Այն ինչ տեղի էր ունենում Քարին Տակում, ամենահզոր մարտաֆիլմերում էլ չես տեսնի: Մենք չէինք գնացել այնտեղ մարտերին մասնակցելու, կռվելու: Մենք բոլորով ուղեկցում էինք Սեմյոն Պեգովին: Այն հատվածում, երբ նստեցինք ավտոմեքենան եւ վիդեոբլոգերը stand-up էր անում, երեք րոպեի տարբերությամբ, հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ էր կատարվում, աննկարագրելի էր:
Յուրաքանչյուրս էլ պատրաստ էինք մարտերին մասնակցել, բայց մեզ բնական է՝ թույլ չտվեցին: Միհրան Հարությունյանը եկել է, բոլոր զինվորների կողքին է, զենքը ձեռքին՝ պատրաստ ցանկացած պահի կռվել հանուն հայրենիքի: Միհրանը մի ձեռքով մեքենան էր վարում, որ բոլորիս անվնաս դուրս բերի այդ հատվածից, մյուս ձեռքով՝ կրա-կում: Ի դեպ, Միհրանն իր մեքենայով էր եւ այստեղ մեծ գործ է անում, ինչպես միշտ խիզախ, անվախ եւ պատրաստ ամեն ինչի:


Արցախում բոլորիս տրամադրությունը շատ բարձր է: Կանոնավոր բանակի զինվորներն ամուր կանգնած են իրենց դիրքերում՝ անվախ, հզոր ու մինչեւ վերջ նվիրված: Նախքան կրա-կի սկսելը բոլորի հետ զրուցում էինք, լուսանկարվում՝ հումորով, կատակներ անելով, մարտական տրամադրությամբ:


Մեզ ոչինչ չի պատահել, որեւէ մեկը չի վիրավորվել, անվնաս դուրս ենք եկել այդ տարածքից: Բայց եւս մեկ անգամ շեշտեմ՝ շատ ուժեղ մարտեր եղան այդտեղ:
Մեզ հետ տեղափոխած վիրավոր զինվորին էլ բարեհաջող հասցրինք հիվանդանոց: Ոտքից էր վիրավորվել: Նրա հետ ամեն ինչ լավ կլինի»,- պատմեց Կարեն Գիլոյանը:

Նշենք, որ Կարեն Գիլոյանն ու Միհրան Հարությունյանը մի քանի օր առաջ օգնություն էին տարել Արցախ եւ դեռ այնտեղ են։ Սա սպորտային մեկնաբանի երկրորդ այցելությունն է Արցախ մեկ ամսից ավելի տեւող պատե_րազմում: Միհրան Հարությունյանն Արցախում է հոկտեմբերի 28-ից: Օլիմպիական փոխչեմպիոնն Արցախում է MMA մարտիկ, ռուսաստանաբնակ Էդուարդ Վարդանյանի հետ: Մարտիկները հումանիտար օգնություն են  ցուցաբերում բանակին եւ արցախցիներին։ Ի դեպ, այդ կապակցությամբ օլիմպիական փոխչեմպիոնը նախաձեռնել է դրամահավաք իր անձնական հաշվեհամարով՝ 4274 2780 7617 6455: Օրերս մարտիկները ներկայացրին հումանիտար օգնության արդյունքում ձեռք բերված առաջին խմբաքանակը՝ դեղորայք, սնունդ, տաք հագուստ, քնապարկեր եւ երեք ավտոմեքենա՝ քաղաքացիական ծառայությունների համար: Առաջին խմբաքանակն արդեն փոխանցվել է Ստեփանակերտի քաղաքապետարանին:

«Առաջին օրերին այստեղ էի: Այդ ժամանակ WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի հետ ծանոթ էինք, բայց ոչ մտերիմ: Երբ իր առաջին այցելության ժամանակ ինձնից հարցազրույց վերցրեց, շփվեցինք, մտերմացանք: Նրան ճանապարհեցի Մոսկվա, ապա, վերադարձին դիմավորեցի եւ Երեւանում պայմանավորվեցինք հանդիպել Արցախում: Երկու օր անց կրկին մեկնեցի Արցախ՝ հումանիտար օգնություն բերեցի: Արդեն Սեմյոնի հետ պայմանավորվեցինք միասին մեկնել մարտական դիրքեր՝ օգնելու իրեն նկարահանումներ իրականացնելիս: Քարին Տակ գնալիս էլ նույն նպատակով էինք միացել ռուս վիդեոբլոգերին եւ այդպես հայտնվեցինք իրադարձությունների կիզակետում:

Ամեն ինչ լավ է լինելու: Հաղթելու ենք: Հաղթանակ եմ գոռալու այստեղից, տեսեք, թե ինչպես եմ գոռալու…»,- ամփոփեց Կարեն Գիլոյանը:     

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի եւ վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ: Կողմերը 3 անգամ համաձայնության են հասել հումանիտար հրադադարի վերաբերյալ, սակայն այն չի պահպանվում։

Լուսինե Շահբազյան