Կգերադասեի մանդատս ուտեի, քան մնայի. Իմքայլական նախկին պատգամավոր

«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քանի որ այսօր արդեն թվով երրորդ պատգամավորն է հայտարարել, որ մտադիր է օրենսդրական աշխատանքը շարունակել որպես անկախ պատգամավոր, կարծում եմ, որ օրակարգային է դառնում խմբակցությունից ինքնակամ դուրս գալու կամ հեռացվելու դեպքում մանդատից զրկելու նորմի օրենսդրորեն ամրագրումը:

Պառլամենտական երկրի ամենաքաղաքական մարմնում որևէ քաղաքական ուժ չներկայացնող կամ ընտրություններում բավարար քվե չստացած ուժի ներկայացուցիչներ իմ համոզմամբ չպիտի լինեն: Եթե ինչ-ինչ պատճառներով տվյալ գործչի աշխատանքն իր ընթացիկ կուսակցության հետ չի ստացվում կամ առկա են անլուծելի հակասություններ, ոչինչ չի խանգարում դուրս գալ և մեկ այլ թիմի հետ միասին պատրաստվել հաջորդ ընտրություններին: Ինչպես ասում են, կյանքն այդ կետում չի ավարտվում:

Ամենայն հարգանքով գործընկերների որոշման հանդեպ (իսկ պարոն Սերգեյ Բագրատյանի` որպես պատգամավորի կարողությունները ես իսկապես շատ բարձր եմ գնահատում)` ինքս կգերադասեի մանդատս ուտեի, քան այն պահպանեի ու գործունեություն ծավալեի այն քաղաքական ուժից դուրս, որի կազմում մտել էի խորհրդարան»: