Կիրակի հավաքվելու ենք Եռաբլուրում՝ Ալբերտի շիրիմի մոտ. Հերոսի հայրը խնդրանք ունի

Հայտնի լուսանկարի հրետանավոր, ընկած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Facebook-ի իր էջում գրառում է արել: Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ հայրենակիցներ,

Նոյեմբերի 8-ին լրանում է իմ որդու՝ Ալբերտ Հովհաննիսյանի ընկնելու 40-րդ օրը: Այս օրերը իմ ընտանիքի համար լի էին ցավով, տառապանքով, արցունքով ու նաև անասելի հպարտությամբ, որ Հերոս որդի ունենք: Շնորհակալ եմ բոլորից, որ այս օրերին մեր կողքին եք և կիսում եք մեր ցավը:

Կիրակի՝ ժամը 14:00-ին հավաքվելու ենք Եռաբլուրում՝ Ալբերտի շիրիմի մոտ, խնկարկելու նրա հիշատակը: Ուզում եմ խնդրել և հորդորել, որ այդ օրը ծաղիկներ գնելու համար նախատեսված գումարը դարձյալ փոխանցեք «Հայաստան» համահայկական հիմնադրամ:

Մենք շարունակելու ենք մեկտեղել մեր ջանքերը՝ հանուն Ալբերտի երազած Հաղթանակի, Խաղաղության, Հայրենիքի:

Խաղաղություն մեր երկրին և #Հաղթելուենք»: