Կյանքն առանց հայրենիքի չէր պատկերացնում. ցավալի է, որ այն հողը, որին եղբորս արյունն է թափել, արդեն թշնամունն է․ զոհված զինծառայող Հայկ Եղիազարյանի քույր

Հայրենասեր էր շատ, չեմ կարծում, թե մի վայրկյան մտածած լինի` կյանքը տա հայրենիքին, թե չէ։ Այնքան էր հպարտանում իր անունով. Հայկ–Հայաստան: Հայաստանը իր տունն էր ու կյանքն առանց հայրենիքի չէր պատկերացնում: Այդպես էլ անբաժան մնաց հայրենիքից ու հայրենի հողից. ձուլվեց հայրենիքին: Այս մասին Tert.am-ին պատմեց Արցախում հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող 20-ամյա Հայկ Եղիազարյանի քույր Լիլիթ Եղիազարյանը՝ խոսելով հերոս եղբոր մասին:

«Հայկս իմ կեսն էր։ Իմ ու Հայկի տարիքային տարբերությունը քիչ էր ու մենք ամեն հարցով իրար հետ խոսում էինք, կիսվում, տեղն եկած ժամանակ վիճում էինք: Անտանելի ցավ է, երբ մտածում եմ ՝Հայկս էլ չկա, իմ հույսն ու հավատը չկա։ Շատ ընկերասեր, ջիգյարով, ժպիտը դեմքին, կատակասեր տղա էր։ Մեծի հետ մեծի պես էր պահում իրեն, փոքրի հետ փոքրի պես չարաճճիություն էր անում։ Բանակ գնալու նախորդ մի քանի ամիսը, այնքան շատ էր հայրենիքի, բանակի, պատերազմների մասին կինոներ նայում։ Նստում էր հաց ուտելու՝ դիմացը հեռախոսը դրած, նայում էր, ես էլ անընդհատ կռվում էի հետը, ասում էի՝ գնալու ես այդ կյանքով ապրես, հերիք է նայես էլի»,- պատմում է քույրը:

Հայկի 20-ամյակը հուլիսի 13-ին էր լրացրել, 3-4 ամիս Խոջալու է ծառայել, հետո տեղափոխվել Հադրութ, իսկ վերջին շրջանում միշտ առաջնագծում էր:  «Վերջին անգամ հոկտեմբերի 1-ին զանգեց, մամայի հետ է խոսել, մաման ասում էր՝ ձայնը շատ տխուր էր, ասաց՝ լավ մամ, անջատեմ, գնամ, քնեմ, վաղը կխոսանք։ Նախորդ օրն էլ հաղորդագրություն էր գրել. «Սաղ տոչնի ա ստեղ, դուք լավ եղեք, դուխով, բայց կասկով»:

Լիլիթն ասում է, որ Հայկը շատ նպատակներ ուներ։ «Խոսում էի հետը, ասում էր` մի քանի բիզնես պլան ունեմ, հլը ասեմ, տես` որն ա լավ, քննարկում էինք վատ-լավ կողմերը, որ գա որոշենք՝ որը իրականացնենք։ Վերջին շրջանում ասում էր՝ գալու եմ հացի փռի գործը առաջ տանենք։ Կփորձենք, ինչքան նպատակ ունեցել է, իրականացնենք ու անավարտ չի մնա ոչ մի բան»:

Պատերազմի ավարտի մասին հերոսի քույրն ասում է, որ ցավալի է, սակայն պետք է գիտակցել, որ ցանկացած հայ զինվորի կյանք թանկ է բոլորիս համար: «Շատ ցավալի է, որ այն հողը, որին եղբորս արյունն է թափել, արդեն թշնամունն է, բայց։ Վստահ եմ, որ մենք մի օր հետ կբերենք այն հողը, որը հայի արյամբ է ողողվել»։