Կորոնավիրուսը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ երեխաների մոտ

Նախկինում համարվում էր, որ երեխաների մոտ կորոնավիրուսի վարակը թեթեւ եւ առանց բարդությունների է ընթանում: Բայց վերջին շաբաթների ընթացքում ավելի ու ավելի շատ տեղեկություններ են հայտնվում, որոնք հերքում են այս կարծիքը: Այսպես, վերջերս Լոնդոնի Թագավորական քոլեջի մասնագետները նկարագրել են երեխաների մոտ ուժեղ կորոնավիրուսային վարակի անսպասելի հետեւանքը:

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ հետկորոնավիրուսային բորբոքային համախտանիշը (MIS-C) իմունային համակարգի խանգարման նոր ձեւ է: Բժիշկների խոսքով՝ առաջին հայացքից այս խնդիրը նման է Կավասակիի համախտանիշին՝ այն բնութագրվում է անոթային վնասվածքներով՝ անեւրիզմներով, թրոմբներով, տենդով, լորձաթաղանթների, մաշկի փոփոխություններով:

Փորձագետները սկսել են խոսել կորոնավիրուսի նոր հետեւանքի մասին՝ MIS-C-ով հիվանդացած 7-14 տարեկան 25 երեխաների հիվանդության պատմությունը ուսումնասիրելուց հետո: Բոլոր երեխաները ընդունվել են հիվանդանոցներ COVID-19- ի ծանր ձեւերով: Իսկ ապաքինվելուց հետո երեխաների մոտ զարգացել են հետկորոնավիրուսային բորբոքային համախտանիշի տարբեր տեսակներ, որոնք նման են Կավասակիի համախտանիշին: Նմանատիպ բողոքներով եւ խնդիրներով հոսպիտալացվել են նաեւ մի քանի այլ երեխաներ, որոնք նախկինում չեն բողոքել COVID-19-ի ախտանիշներից:

Երեխաների մեծ մասը չի ունեցել Կավասակիի համախտանիշի ախտանիշների ամբողջ տեսականին կամ գրանցվել են ատիպիկ ախտանիշներ, ինչպիսիք են մարսողական խնդիրները: Դասական պատկեր դիտարկվել է միայն երկու դեպքում:

Բժիշկները նշել են նաեւ Կավասակիի համախտանիշի եւ MIS-C-ի միջեւ տարբերությունը՝ արյան չափորոշիչների եւ իմունային բջիջների ակտիվության մակարդակի առումով։ MIS-C ունեցող հիվանդների արյան մեջ դիտարկվել են մեծ քանակությամբ տարրեր, որոնք նպաստում են արյան թրոմբների ձեւավորմանը, իսկ նրանց արյան մեջ մոնոցիտների եւ նեյտրոֆիլների քանակը մնացել է ցածր, ինչը բնորոշ չէ Կավասակիի համախտանիշին: Սա նշանակում է, որ տվյալ դեպքում խոսքը բոլորովին նոր համախտանիշի մասին է։