Հակառակորդը գնդակոծել է Այգեպարը, տներ են վնասվել. (լուսանկարներ)

hetq.am-ի Տավուշում աշխատող թղթակիցը հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տավուշի մարզի Այգեպար գյուղը: 

Գնդակոծության հետևանքով վնասվել է 7 տուն: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները աշխատանքներ են տանում գնդակոծության հետևանքով բռնկված հրդեհները մարելու ուղղությամբ:

Այգեպարի ներքևի հատվածի թաղամասերում բնակվող քաղաքացիները տարհանվել են ապահով վայր: Բնակիչները հանգիստ են, նրանց շրջանում խուճապ չկա:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 14-ին, ժամը 16։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեպար գյուղի  3-րդ փակուղու 1-ին փողոցի տներից մեկի տանիքը այրվում է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Այգեպարի հենակետից 5 փրկարար-ծառայող։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։19-ին, մարվել՝ 19։00-ին։ Այրվել է տան տանիքը՝ 120 քմ։