Հայասանի հավաքականի մեկնարկային կազմը Վրաստանի դեմ խաղում․ Ով կլինի մեր ավագը

ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայի խաղարկության 5-րդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղը Թբիլիսիում կմրցի Վրաստանի ընտրանու հետ։ Բուքմեյքերներն այս մրցավեճում ֆավորիտ են համարում վրացիներին վերջիներիս հաղթանակի համար սահմանելով 2․05 գործակից։ Ոչ-ոքին գնահատված է 3.23, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակը՝ 4.2 գործակցով։ Նշենք՝ երբ հայտնի դարձավ, որ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի միանալու Հայաստանի հավաքականին, Վրաստանի հաղթանակի գործակիցը նվազեց։ Այսինքն՝ բուքմեյքերները կարծում են, որ Հայաստանն առանց Մխիթարյանի դժվար թե դրական արդյունքի հասնի Թբիլիսում։Իրականում ինչպես գնահատաել կողմերի հնարավորությունները։

Այո, դաշտի տերերն ավելի ուժեղ կազմ ունեն, բայց… Հայաստանի ազգային հավաքականն իր հերթին ունի բարձրակարգ գլխավոր մարզիչ, ֆուտբոլիստներն ընդհանուր առմամբ լավ մարզավիճակում են, ունենք խաղացողներ, որոնք կարող են էապես փոխել մերոնց խաղը։ Ֆուտբոլասերների շրջանում շատ է քննարկվում Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը և մարտավարությունը։ Փորձենք հասկանալ, ինչպիսի մեկնարկային կազմով Հայաստանի հավաքականը կարող է առավել հաջող ելույթ ունենալ։ «Առաջին լրատվական»-ի վարկածով՝ Հայաստանի հավաքականը վաղը կխաղա 4-2-3-1 մարտավարությամբ։ Դարպասում կլինի Դավիթ Յուրչենկոն, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Վարազդատ Հարոյանն ու Անդրե Կալիզիրը։ Պաշտպանության աջ եզրում տեսնում ենք Հովհաննես Համբարձումյանին, իսկ ձախ եզրում՝ Կամո Հովհաննիսյանին։ Հենակետային դիրքում ամենայն հավանականությամբ կլինեն Սոլոմոն Ուդոն ու Վբեյմար Անգուլոն։ Կիսապաշտպանության աջ եզրում կտեսնենք Տիգրան Բարսեղյանին, իսկ տևական դադարից հետո հավաքական վերադարձած Սարգիս Ադամյանը կխաղա ձախ եզրում։ Ենթահարձակվողի կամ, ինչպես ընդունված է ասել, 10 համարի դիրքում կլինի Գևորգ Ղազարյանը, իսկ որպես նոմինալ հարձակվող կխաղա Ալեքսանդր Կարապետյանը։

Հավանականությունը մեծ է, որ վաղը խաղադաշտում կտեսնենք հավաքականի «Արարատի» հենակետային կիսապաշտպան Կարեն Մուրադյանին։ Նշենք, որ մեր հավաքականում հատկապես խնդրահարույց է հենակետային գոտին։ Արտակ Գրիգորյանը հաջող է խաղում մրցակցի գրոհները քանդելու ժամանակ, սակայն գրոհների ժամանակ որոշակի խնդիրներ են նկատվում։ Ուստի մեծ է հավանականությունը որ Կապառոսը վաղը հնարավորություն կտա Մուրադյանին։ Իսկ ո՞վ կկրի Հայաստանի հավաքականի ավագի թևկապը։ Մխիթարյանի բացակայության պայմաններում ավագի պարտականությունները կատարում էր Գևորգ Ղազարյանը։ Կարծում ենք, որ վաղը հենց Ղազարյանը կկրի ավագի թևկապը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը հավաքականին չի միացել կորոնավիրուսի պատճառով հաստատված կարատինի պատճառով։ Նոյեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն էր ստացել «Ռոմա» ֆուտբոլային ակումբից, որում, հաշվի առնելով թիմի ֆուտբոլիստներից մեկի կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը, խորհուրդ էր տրվում Հենրիխ Մխիթարյանին ազատել Հայաստանի ազգային հավաքականին միանալու պարտավորությունից: Նոյեմբերի 7-ին «Ռոմա» ֆուտբոլային ակումբից ՀՖՖ ուղարկվել էր Հռոմի շրջանային առողջապահական համակարգի կողմից գրված ևս մեկ նամակ, որում, հղում տալով Իտալիայում ընդունված առողջապահական նոր օրենքին, նշվում է, որ «Ռոմայում» ընդգրկված ֆուտբոլիստները չեն կարող մասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող սպորտային որևէ միջոցառման մինչև կարանտինի ժամանակահատվածի ավարտը: Ֆուտբոլիստները պետք է ինքնամեկուսանան ակումբի բազայում և չեն կարող լքել Իտալիայի սահմանները, հետևաբար, նաև միանալ իրենց երկրների հավաքականներին:

Նշված օրենքը վերաբերում է ոչ միայն «Ռոմային», այլև, օրինակ, «Միլանին», «Ինտերին, «Ֆիորենտինային», «Ջենոային» այսինքն՝ բոլոր այն ակումբներին, որոնք ներկայացնում են Իտալիայում կորոնավիրուսի օջախի առավել մեծ տարածում ունեցող շրջանները:Հենրիխ Մխիթարյանը պատրաստ էր և մեծ ցանկություն ուներ միանալու Հայաստանի ազգային հավաքականին՝ հաշվի առնելով առաջիկա երկու հանդիպումների կարևորությունը մեր թիմի համար: Ինպես Հենրիխ Մխիթարյանը, այնպես էլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի քանի օր շարունակ բանակցել են «Ռոմայի» հետ՝ փորձելով բացառության կարգով ապահովել մեր ավագի ժամանումը Հայաստան, սակայն ակումբից ևս մեկ անգամ հաստատել են, որ հարցի դրական հանգուցալուծումը կախված չէ իրենցից: