Հայաստանը կորոնավիրուսի բուժման համար ամենաէժան դեղն է ձեռք բերել. այն «Ռեմդեսիվիր»-ի հնդկական ջեներիկն է

Շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար հակավիրուսային «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի խմբաքանակ է գնել։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում մասնագիտությամբ բժիշկ, կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանն իր մտահոգությունն է հայտնել՝ նշելով, որ Հայաստանի ձեռքբերածը ոչ թե «Ռեմդեսիվիր» է, այլ` ջեներիկ․ ««Ռեմդեսիվիրը» Բոստոնի ինստիտուտի գյուտն է, իսկ ջեներիկը դրան նման դեղն է։ Այսինքն՝ հնդիկները վերցնում են նույն դեղի հիմքը, բայց այլ դեղ են սարքում։ Եթե խմեք հնդկական և եվրոպական հակաբիոտիկ՝ միանգամից կզգաք տարբերությունը․ վերջինս ավելի լավն է և արագ է ազդում, իսկ հնդկականը՝ ոչ։ Խլորոկինը, որը հայտնաբերեցին, որ լավ միջոց է վարակի դեմ, արժի կոպեկներ, իսկ «Ռեմդեսիվիրը» արտադրվում է Բիլ Գեյթսի ընկերությունների կողմից, որոնք «Ռեմդեսիվիրը» շատ վաղուց պատրաստում էին՝ իբրև հակավիրուսային հաբ։ Երբ կորոնավիրուսն ի հայտ եկավ, խլորոկինի «գլխին սարքեցին»՝ ինչ է, թե առաջ տանեն «Ռեմդեսիվիրը»։ Հայտնի ամսագրերից մեկում հոդված հայտնվեց, ըստ որի՝ խլորոկինը վնասակար է, և դա բերեց նրան, որ բժիշկները վախեցան այն օգտագործել»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ «Ռեմդեսիվիրը» շատ թանկ դեղ է․  մեկ չափաբաժինն ամերիկյան ընկերություններում արժի 5 000 $, Բոստոնի ինստիտուտից գնելու դեպքում՝ 3 500 $, հնդիկները վաճառում են 1000 $-ով։ «Պարզ է, թե ինչու ենք գնում այդ դեղը, որովհետև ամերիկացի բիզնես մագնատ Բիլ Գեյթսը, որը մեծ գումարներ է ծախսել առողջապահության նախարարների հյուրասիրության, կրիվետկա կերցնելու վրա, պետք է հետ բերի փողերը։ Այսինքն՝ ինքը լավ բան է անում, բայց իր շահն է հետապնդում։ Օրինակ, եթե 50 մլն դրամ է ծախսել այդ հյուրասիրության վրա, որ Արսեն Թորոսյանը ինքնաթիռ նստի գնա, գա, խոսի, հիմա միայն «Ռեմդեսիվիր» վաճառելով` այդ գումարի մոտավորապես հնգապատիկը հետ կբերի»,- նշեց նա։ 

Այս կապակցությամբ ԼՈՒՐԵՐ․com-ը հարցում էր ուղարկել նախարարություն՝ ճշտելու, թե ե՞րբ է առողջապահության նախարարությունը դիմել «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը ձեռք բերելու համար, որքա՞ն գումարով, ո՞ր երկրից և ո՞ր ընկերությունից է ձեռք բերում դեղամիջոցը, որտե՞ղ է փորձարկում անցել և ո՞ւմ վրա է փորձարկումն արվելու։ Ի պատասխան մեր հարցման՝ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Ռեմդեսիվիրը» ձեռք բերելու նպատակով բանակցություններն սկսել են մայիսից, դեղի մեկ սրվակը ձեռք է բերվել 61 հազար ՀՀ դրամով (61 30.8 ՀՀ դրամ) հնդկական «Hetero Labs Limited» դեղագործական ընկերությունից, որին «Gilead Science» դեղագործական ընկերությունը տրամադրել է դեղն արտադրելու թույլտվությունը։

Նախարարությունից նշել են, որ դեղը կիրառվելու է COVID-19-ի բուժում իրականացնող բժշկական հաստատություններում` համաձայն հաստատված ցուցման, իսկ պացիենտների համար նախատեսված է համաձայնության թերթիկ, առանց որի չի կարող կիրառվել դեղը: Դեղի արդյունավետության վերաբերյալ որոշակի տվյալներ առկա են, որոնց հիման վրա դեղը գրանցվել է մի շարք երկրներում, իսկ դեղի ընտրության համար հիմք է ծառայել հեևյալ երկրների փորձը․ «Տեղեկացնում ենք, որ ուսումնասիրվել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության, Ճապոնիայի դեղերի վերահսկողական կառույցներում առկա տեղեկությունն այն մասին, որ «Ռեմդեսիվիր» դեղը նշված երկրներում ստացել է կլինիկական հետազոտություններ անցկացնելու թույտվություն` որպես COVID-19 հիվանդության հավանական բուժում հանդիսացող հակավիրուսային դեղ։ Ինչպես նաև, որոշ դեպքերում «Ռեմդեսիվիր» դեղը նշված երկրներում ստացել է նաև կիրառման թույլտվություն և ներառվել COVID-19 հիվանդության բուժման ուղեցույցներում` որպես կարեկցական բուժման շրջանակում կիրառվող դեղ, մասնավորապես, կյանքին վտանգ սպառնացող, հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող, ծանր ընթացքով՝ թթվածնով հագեցվածությունը փոքր է 94%-ից՝ լրացուցիչ թթվածնային բուժում ստացող կամ թոքերի արհեստական օդափոխման սարքին միացված, առնվազն 40 կգ մարմնի զանգվածով եւ 12 տարեկանից բարձր երեխա և մեծահասակ հիվանդների»,- պատասխանել են նախարարությունից: