Հանձնարարել էին՝ հայկական գյուղում ոչ ոքի կենդանի չթողնենք, ինձ առաջարկել էին ամսական 2000 ԱՄՆ դոլար․ Սիրիայի քաղաքացի (մանրամասներ)

Ադրբեջանի զինվորականները մեզ ասել էին, որ պետք է կռվենք հայերի դեմ։ Այս մասին ՀՀ քննչական կոմիտեին տված հարցաքննությանն ասել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը, ով ՀՀ ՔՕ 389-րդ հոդվածի, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով եւ 395-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առերեւույթ հանցավոր արարքների կատարման կասկածանքով ձերբակալվել է։

Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը ծնվել է 1975 թվականի մայիսի 3-ին։ Նա ամուսնացած է, ունի 3 երեխա։ Սիիայում աշխատել է որպես բանվոր։ Ատրճանակով անզգուշությամբ հարազատ եղբորը սպանելու համար դատապարտված է եղել։

«Ծնվել եմ Սիրիայի Արաբական Հանրապետության համանահանգի Թոթախ գյուղ։ Այնտեղ բնակվել եմ մինչեւ 2016 թվականը։ 2016 թվականի հոկտեմբեր ամսին «Իսլամական պետություն» խմբավորման անդամները սկսեցին ռմբակոծել մեր գյուղը, կնոջս եւ երեք անչափաս երեխաներիս հետ տեղափոխվեցի Սինջար շրջան։ «Իսլամական պետություն» խմբավորման անդամները գնալով ընդարձակվում էին եւ հասան նաեւ այնտեղ։ Մենք տեղափոխվեցինք Սարհմադի հարակից գյուղ, որը հանդիսացել է վերջին բնակությանս հասցեն։ 1999 թվականին երկու 2,5 տարի պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն եմ անցել Քուսվեյ շրջանում տեղակայված 141 զորամասի հրթիռահրետանային գումարտակում։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից բացի այլ զինվորական պատրաստություն չեմ անցել։ Կինս եւ  3 անչափահաս երեխաներս ինձ հետ բնակվել են Աթմի գյուղում»,- հարցաքննության ընթացքում ասել է նա։

Ըստ նրա՝ նախքան իր՝ Ադրբեջան գնալը, հոկտեմբերի 18-ից մեկ ամիս առաջ իր ճամբարի երիտասարդներից իմացել է, որ Արցախում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ է։

«Սուլեյման Շահ խմբավորման գլխավոր հրամանատար Աբու Համշահ մականունոնվ անձի կողմից ուղարկված անձի՝ Աբու Հուսեին 23 անունով անձի կողմից իմ հորեղբորը՝ Մուհամադ Ալ Խալեթին առաջարկություն է արվել հավաքագրել երիտասարդների եւ ասել է, որ եթե կլինեն ցանկացողներ, թող գնան իր մոտ եւ գրանցվեն։ Իմ հարեւան Հուսեյնն ինձ ասաց, որ ինքը որոշել է ընդունել նշված առաջարկը եւ գնալ։ Նշված խոսակցության հաջորդ օրը ես գնացի Հուսեյնի մոտ եւ ասացի, որ որոշել եմ իր հետ գնալ։ Ես եւ Հուսեինը գրանցվեցինք Աբու Հուսեին 23 անունով անձի մոտ։ Երկուսով մնացել ենք Աբու Հուսեին 23 անունով անձի կողմից հատկացված բնակարանում, որտեղ բացի մեզնից բնակվում էին եւս 6 անձ։  Երկու օր անց Աբու Հուսեին 23 անունով անձն ասաց, որ պետք է մեկնենք Քիլիս քաղաքի հարակից տարածք, որտեղ տեղակայված են տարբեր խմբավորումների հրամանատարական կազմը, մասնավորապես՝ Սուգուր, Համզաթ, Սուլթան Մուրադ, Ամշադ խբավորումների կազմը։ Երկու օր անց ինձ, Հուսեինին, եւ մեզ հետ միասին ընդհանուր 17 անձի «Կիա» մակնիշի բեռնատարով տեղափոխել են Ալխուղ անցակետ։ Այնտեղ հավաքված ավտոմեքենաներ կային, մասնավորապես՝ տարբեր շրջաններից եկել էին երեք թեթեւ մարդատար, մեկ միջին չափի բեռնատար, եւ երկու մեծ բեռնատար ավտոմեքենաներ, որտեղ մեզ հետ միասին տեղում հավքավել էին ընդհանուր 250 անձ։ Մեզ բոլորիս տեղափոխեցին Քիլիս քաղաքի հարակից տարածք, որտեղ ներկա էր Սուլեյման Շահ խմբավորման գլխավոր հրամանատար Աբու Համշահ մականունով անձը։ Նույն վայրում էին գտնվում նաեւ Աբու Համշահի ենթակայությամբ գործող Սուգուր, Համզաթ, Համշադ, ինչպես նաեւ այլ խոշոր խմբավորումների հրամանատարներ»,- պատմում է նա։

Ըստ նրա՝ ընդհանուր 250 անձ էր ընտրվել, որոնք բաժանվել էին 5 խմբի, յուրաքանչյուրում՝ 50 անձ։ 10 անձ հետ են ուղարկվել, քանի որ չեն բավարարել պահանջներին։

«Հոկտեմբերի 17-ին մենք հասել էինք Քիլիս քաղաք, որը գտնվում է Թուրքիայի եւ Սիրայի Հանրապետությունների սամանագծում։ Նույն օրը, ժամը 23։00-ի սահմաններում նշված վայրում 50 անձանցից բաղկացած 5 խմբերով մեզ շարեցին ըստ զինվորական կարգի, ասացին՝ ոտքով քայլեք դեպի Թուրքիայի Հանրապետության սահման, մենք նշված խմբերով ոտքով հատեցինք սահմանը, որտեղ կոնկրետ մուտք կար դեպի Թուրքիայի Հանրապետություն, սահմանապահները մեզ ոչինչ չասացին, որեւէ հարց չտվեցին։ Իրենք հաստատ տեղյակ էին, որ մեզ պետք է թույլատրեին անցնել։ Մեզ սահմանը անցկացրել է Աբու Համշահ անունով հրամանատարը, ով հաստատ պայմանավորվածություն ուներ սահմանապահների հետ»,- պատմում է նա։

Նրա խոսքով՝ երբ հատել են սահմանը, հանդիպել են Թուրքիայի Ոստիկանության պարեկային ծառայությունն իրականացնող ոստիկանների մեքենաներին, որոնք ամբողջ ճանապարհի երկայնքով կանգնած են եղել եւ իրենց տեսել են, բայց ոչ մի հարց չեն տվել։

«Սահմանային անցակետում կայանված էին 5 ավտոբուս, որոնք մեզ տեղափոխեցին Թուրքիայի Հանրապետությունում գտնվող քաղաքացիական օդանավակայան։ Ավոտբուսները կայանվել են օդանավակայանի մուտքի մոտ, մտել ենք անցագրային կետ, ստուգվել ենք միայն սարքով։ Անցագրային կետում կանգնած էին երկու թուրք ոստիկաններ, որոնցից մեկը սաքրի կողքն էր կանգնած, իսկ մյուսը ստուգում էր անցնողներին, մեզ հարցեր չեն տվել, անձնագրեր չեն պահանջել, կամ ստուգել։ Մեզ ասացին, որ վազքով գնանք ու ինքնաթիռ նստենք, որում տեսել եմ Թուրքիայի Հանրապետության Զինված ուժերի դրոշով եւ զինվորական համազգեստով թուքրի զինվորկանի, ով արագ փակեց ինքնաթիռի դուռը։ Մոտ մեկ ժամ թռիչքից հետո ինքնաթիռը վայրէջք կատարեց ԹՀ-ի մեկ այլ օդանավակայանում։ Մեզ դիմավորել են ավելի քան 50 թուրք զինվորականներ, որվքեր կրում էին Թուրքիայի Հանրապետության Զինված ուժերի համազգեստ՝ թուրքական դրոշով։ Նրանք կանգնած էին երկու ինքնաթիռների միջնամասում։ Մենք անմիջապես անցել ենք նրանց միջով եւ նստել ենք Ադրբեջանի դրոշը կրող քաղաքացիական ինքնաթիռ։ Սույն  թվականի հոկտեմբերի 18-ի առավոտյան՝  արեւածագին,  ինքնաթիռը վայրէջք կատարեց Ադրբեջանում։ Նշված  օդանավակայանում մեզ դիմավորել են Ադրբեջանի ԶՈՒ-երի համազգեստով շուրջ 30 –ից ավելի զինվորականներ։ Նրանք հաստատապես տեղյակ էին, թե մենք ովքեր ենք, որեւէ հարց մեզ չեն տվել, ուղղակի նստեցրել են ավտոմեքենաները ու տեղափոխել Ադրբեջանի ռազմական օբյեկտներից մեկը»,- պատմում է նա։ 

Ըստ նրա՝ իրենց Ադրբեջանի ԶՈՒ-երի համազգեստ ու զենք են հատկացրել։ Նրանց հետ էր նաեւ Աբու Համշահը, ում հատկացրել էին սպիտակ գույնի «Տոյոտա» մակնիշի պիկապ տեսակի ավտոմեքենա։

«Ադրբեջանի զինվորականները  մեզ ասել էին, որ պետք է կռվենք հայերի դեմ։ Նշեմ նաեւ, որ տեղում  կային Թուրքիայի Հանրապետության ԶՈՒ-երի զինծառայողներ, ովքեր կրում էին ԹՀ ԶՈՒ-երի համազգեստ։ Նրանք հիմնականում մասնագիտացված եւ կցված էին հրետանային միջոցների։ Թուրք զինվորականների մեջ կային եւ՛ ղեկավար անձնակազմից զինվորակականներ, եւ՛ շարքային զինվորականներ»,- պատմեց նա։

Ըստ նրա՝ երրորդ օրը նրանք մեկնել են Աբու Համշահին հատկացվածք տարածք, որտեղ կային նաեւ շուրջ 250 սիրիացի արաբ վարձկան ու զինվորներ, որոնք կրկին պատկանում էին  Աբու Համշահին խմբավորմանը։

«Նշված վարձկանների մի մասը վիրավորվել, կամ սպանվել էին հայրեի դեմ կռիվներում։ Մենք զրուցել ենք սիրիացի արաբ վարձկանների հետ, եւ տեղեկացել, որ նրանք Թուրքիայի հետ սահմանից տարբեր շրջաններից էին՝ Իդլիբից եւ Ազաս քաղաքաներից»,- ասաց նա՝ հավելելով, որ Աբու Համշահին պատկանող ռազմական օբյեկտում  2-3 օր մնալուց հետո, իրենց ասել են, որ պատրաստվեն, որ առավոտյան ժամը 4-ին  գնալու են ռազմական գործողության մասնակցեն հայերի դեմ։ Նրանց ուղեկցել են երկու ադրբեջանցի զինծառայող, իսկ իրենց 200 հոգանոց խմբի ղեկավարը սիրիացի արաբ Շեյխ Իբրահիմն է եղել, ով քաղաքացիական հագուստով էր, բայց  գոտկատեղին  ատրճանակ ուներ։ 

«Նշված վայրում երկու կողմերից հրիթառակոծում էին։ Շեյխ Իբրահիմը մեզ բաժանեց 8 խմբի, յուրաքանչյուր խմբի համար ղեկավար նշանակվեց, իմ ղեկավարի անունը Ռաուադ էր»,- պատմեց նա։

Շեյխ Իբրահիմը եւ երկու ադրբեջանցի զինվորականներն իրենց հրամայել են քայլել ձորով, որտեղ մեկ կմ հեռավորության վրա անմարդաբնակ հայկական գյուղ կա։

«Մեզ հանձնարարեցին, որ գնանք եւ գրավենք հայկական գյուղը, սակայն  իրենք մեզ հետ չառաջացան։ Նրանք մեզ հանձնարարել էին, որ հայկական գյուղում ոչ ոքի կենդանի չթողնենք։ Երբ մետեցանք նշված գյուղին, երկու կողմից՝ ձորի վերեւի հատվածից հայերը սկսեցին կրակել մեր ուղղությամբ, ես վիրավորվեցի ձեռքի եւ ոտքի շրջաններում։ Խնդրեցի, որ խմբի անդամներս օգնեն ինձ, սակայն հրաժարվեցին եւ հեռացան»,- պատմեց նա։

Հարցին, թե ռազմական գործողություններին մասնակցելիս ինքը եւ խմբավորման մյուս վարձկանները թմրանյութ կամ հոգեմետ նյութեր օգտագործե՞լ են, նա պատասխանեց․ «Աբու Համշահն ասում էր, որ ով վախկոտ է կամ սրտից թույլ է, թող հաբեր խմբի։  Դրանք խմելուց հետո մարդը անվախ էր դառնում։ Այդ հաբերից կար եւ խմբի մյուս անդամները խմում էին։

Մյուս հարցին՝ հայերի դեմ  ռազմական գործողություններին մասնակցելու համար արդյոք իրենց գումար առաջարկե՞լ են, եւ, եթե առաջարկել են, ապա որքա՞ն գումար են առաջարկել,  Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերն ասաց․ «Աբու Համշահն անձամբ էր ինձ ասել, որ իմ ամսական աշխատավարձը կազմելու է 2000 ամերիկյան դոլար, մյուսներինը՝ նույնպես։ Ինքս աշխատավարձ դեռեւս չէի ստացել, հիմնականում ամսվա վերջին պետք է ստանայինք»։