Հարյուրամյակներ են պետք, որ ամբողջովին մաքրվի ֆոսֆորի ազդեցությունը, սպիտակ ֆոսֆորը բնության մեջ չի լուծվում, հակառակորդը՝ նման զենքի օգտագործմամբ, նպատակ ունի բնաջնջելու բնությունը. բնապահպան

Ադրբեջանի կողմից կիրառվել է արգելված քիմիական զենք, որը պարունակում էր սպիտակ ֆոսֆոր, այն երկարատև ազդեցություն ունի շրջակա միջավայրի կենսաբազմազանության, անտառների, օդի ջրի աղտոտման վրա. Tert.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը:

Բնապահպանի խոսքով՝  նման աղտոտումը, որը ոչնչացնում է կենդանական և բուսական աշխարհը, աղտոտում է օդը, ջուրը  կոչվում է էկոցիտ, իսկ դա ռազմական էկոցիդ է և նպատակ ունի ոչնչացնել Արցախի և հայ բնակչության կենսամիջավայրը, որը նաև միջազգային քրեական նորմերով դասվում է, որպես ռազմական հանցագործություն:

 Նազելի Վարդանյանը նշում է, որ այդ զենքը հրկիզող բնույթ ունի և սովորական միջոցներով այդ հրդեհները հնարավոր չէ հանգեցնել, ինչպես նաև այն ժամանակի ընթացքում միանալով թթվածնի հետ ինքնահրկիզվելու հատկություն ունի:

Նրա խոսքով՝ կիրառված ֆոսֆորային զենքը ազդեցություն է թողնում նաև մարդու առողջության վրա, և դրա հետևանքով առաջացած այրվածքները գրեթե չեն բուժվում կամ բուժվում են շատ դժվար: Ազդում է նաև մարդու առողջության բջջային մակարդակի վրա, առաջացնում՝ նյարդային համակարգի, տեսողության խանգարումներ և ամբողջ օրգանների հիվանդություններ, որովհետև խախտում է բջջի մոլեկուլյար կառուցվածքը։

«Շատ երկար ժամանակ՝ հարյուրամյակներ են պետք, որ ամբողջովին մաքրվի այդ ֆոսֆորի ազդեցությունը, որովհետև սպիտակ ֆոսֆորը բնության մեջ չի լուծվում և այն, որ մեր հակառակորդ կողմը օգտագործում է նման զենք ապացուցում է, որ այս պատերազմը ոչ թե տարածքների, փախստականների վերաբնակեցման նպատակ ունի, այլ բնաջնջելու ամբողջ բնությունը, բոլոր ենթակառուցվածքները և տեղահանելու Արցախի տեղաբնակչությանը: Սա նույնպես գենոցիդի տարրեր է պարունակում և գենոցիդի փորձ է»:

Հարցին, թե դիմե՞լ եք միջազգային բնապահպանական կառույցներին և ի՞նչ արձագանք կա, բնապահպանը նշեց, որ մի քանի օր է ինչ դիմել են, արձագանքները տարբեր են՝ միանգամից լուրջ արդյունքներ չեն լինում: Ըստ նրա՝ միջազգային կազմակերպություններին կամ կոնվենցիաների քարտուղարություններին դիմելը հատուկ գործընթաց է, որի ընթացքում քննություն է արվում և հետո պատասխան տրվում. «Ասիական զարգացման բանկը երեկ արձագանքեց և իր ցանցում տարածեց իրենց ուղերձը, որպեսզի արգելեն նման գործողությունները և վերջ տան էկոցիդին, այսինքն՝ արձագանքներ կան, բայց երկար գործընթաց է: Սակայն այժմ պետք է հավաքենք ապացուցողական բազա, փաստարկներ, որովհետև հետո դժվար կլինի այդ ապացուցողական բազան հավաքելը։ Ինչու ոչ, պետք է նաև հրավիրել միջազգային փորձագետների, որպեսզի այդտեղից նմուշառումներ անեն, որովհետև էկոցիտը ոչ միայն տեղային ազդեցութուն ունի, այլ ունի ռեգիոնալ և գլոբալ ազդեցություն, որովհետև աղտոտվում են ջրերը և իրենք էլ այդ աղտոտված ջրերի հետևանքով վնասներ են կրելու, ամբողջ Կասպից ծովի ավազանը, որից օգտվում են տարբեր երկրներ: Այդ ազդեցությունը տարածաշրջանային հետևանքներ կունենա և գլոբալ մակարդակով, որովհետև օդի աղտոտումը նույնպես առկա է»:

Դիտարկմանը, թե բնապահպանական կառույցների դատապարտող կոչերից բացի, հնարավո՞ր է պատժամիջոցներ կիրառվեն, Նազելի Վարդանյանը տեղեկացրեց, որ բացի դիմել են նաև տարբեր երկրների կառավարություններին, շրջակա միջավայրի նախարարություններին և միջազգային կոնվենցիաների քարտուղարություններին:

«Թուրքիան և Ադրբեջանը շրջակա միջավայրի վրա ներգործության միջոցների ռազմական օգտագործման արգելքի մասին կոնվենցիաները չեն ստորագրել և սա, կարծում եմ, միտում է ունեցել, բայց իրենց կողմից ստորագրվել են այլ կոնվենցիաներ, որոնք պատերազմական իրավիճակների հետ կապ չունեն՝ կենսաբազմազանության, վայրի բնության և կլիմայի փոփոխության մասին, անապատացման դեմ կոնվենցիա: Կոնվենցիաների խախտումը առկա է և, քանի որ կոնվենցիաների քարտուղարություններ գրություններ են ուղարկվել, կարծում եմ, որ վարույթներ կհարուցվեն և գործընթացներ կսկսվեն»,- ընդգծեց նա:

Հերմինե Միքայելյան