Հորաքո՞ւյրը, թե՞ պապն է ծեծի ենթարկել 4 և 6-ամյա երեխաներին

Նախնական տեղեկություններով՝ երեկ երեկոյան պապի կողմից ծեծի ենթարկված 4 և 6 ամյա երեխաները Տավուշի մարզի Խաշթառակ համայնքից են: Թեև լուրեր են տարածվել, որ պապն է ծեծի ենթարկել, գյուղում կասկածում են երեխաների հորաքրոջը, որն, ըստ գյուղապետի, ամուսնալուծված է, բազմազավակ մայր ու մտավոր խնդիրներ ունի:

Գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ երեխաների մայրը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, այս պահին բուժում է ստանում բուժհաստատությունում, երեխաների հայրը՝ մտավոր խնդիրներ ունի:

Ըստ Անդրանիկ Վիրաբյանի՝ երեխաների հիմնական խնամքը պապի ու տատի վրա է, որոնք առողջ են. «Պապն այնքան խեղճ մարդ է, ինքը չէր կարող ծեծել: Առավոտյան երեխաների տատիկն է զանգել, խնդրել՝ մի բան անեք, որ ամուսնուն բաց թողնեն ոստիկանությունից, ինքը, իրոք, չէր կարող ծեծել երեխաներին, հետը խոսեք, կհասկանաք»:

Գյուղապետի խոսքով, ինքը հստակ չի կարող ասել, բայց չի բացառվում, որ հորաքույրը ծեծած լինի, պապին իր վրա վերցրած լինի: Դեպքի մանրամասներին գյուղապետը չի տիրապետում: Նա վերջում հավելեց, որ ծեծված երեխաներին մի անգամ համայնքապետարանի միջամտությամբ տարել էին մանկատուն, բայց հորաքույրը գնացել, հետ էր բերել, երեւի, որ խնամքի նպաստից չկտրվի: