«Ղարաբաղը» ընդունեց իր աշխատակցի հանցագործությունը. Վլադիմիր Սոլովյովի արձագանքը…

Ադրբեջանի չեմպիոն «Ղարաբաղը» պաշտոնական հայտարարություն է տարածել ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի աղմկահարույց գրառման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Իբրահիմովը օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել սպանել բոլոր հայերին, այդ թվում նաև կանանց, երեխաներին և ծերերին։ Կարճ ժամանակ անց Իբրահիմովը իր էջից հեռացրել էր գրառումը պատասխանատվությունից խուսափելու նպատակով։ Ադրբեջանական քարոզչամեքենան էլ փորձում էր համոզել, որ գրառման հեղինակը Իբրահիմովը չէ, և որ նրա ֆեյսբուքյան էջը կոտրել են հաքերները։

«Նշենք, որ մեր ակումբի մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովը հոգեբանական հարված էր ստացել՝ Հայաստանի Զինված ուժերի կողմից ադրբեջանական Գյանջա և Բարդա քաղաքների ուղղությամբ հրթիռային հարվածների հետևանքով ադրբեջանցի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների և կանանց մահվան լուրերը լսելով։ Դա է պատճառը, որ նա հուզական և էմոցիոնալ գրառում էր կատարել Ֆեյսբուքում: Նա իր էջում օգտագործել էր այնպիսի բառեր, որոնք հակասում են մեր պետության դիրքորոշմանը և «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի սկզբունքներին: Նուրլան Իբրահիմովի հայտարարությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ նա չէր կարողացել զսպել դաժանության նկատմամբ իր հուզական դրսևորումները, և որի համար արդեն զղջացել է ու հեռացրել գրառումը, չեն արտացոլում «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական դիրքորոշումը և չեն հաստատվում մեր ակումբի կողմից: Իբրահիմովը հանցագործության համար պատասխանատվության է ենթարկվել Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան: Ադրբեջանի դատախազության կողմից Նուրլան Իբրահիմովի նկատմամբ վարչական գործ է հարուցվել և ուղարկվել դատարան, որտեղ պատժի վերաբերյալ որոշում կկայացվի: Բացի այդ, մեր ակումբի ներքին կարգապահական օրենսգրքի համաձայն, Նուրլան Իբրահիմովի սխալ քայլը կդիտարկվի կարգապահական հանձնաժողովի կողմից, ինչից հետո էլ կսահմանվեն համապատասխան կարգապահական տույժեր: «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը կրկնում է, որ մեր ակումբի աշխատակիցներն այս դժվարին շրջանում պետք է զերծ մնան սոցցանցերում նման հայտարարություններ տեղադրելուց, պահպանեն մարդասիրական սկզբունքները և լիովին հետևեն մեր պետության օրենքներին»,- նշված է հայտարարության մեջ:

Փաստորեն, այս հայտարարությամբ «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը հաստատում է, որ հենց Իբրահիմովն է գրառման հեղինակը, և որ տվյալ անձը ակումբի պաշտոնական ներկայացուցիչն է։ Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք էր հղել ՈՒԵՖԱ-ին՝ պահանջելով «Ղարաբաղին» զրկել եվրագավաթներում ելույթ ունենալու իրավունքից։ Հայկական ֆուտբոլային գերատեսչության պաշտոնական բողոքը, կարելի է ասել, փաստի առաջ է կանգնեցրել ՈՒԵՖԱ-ին։ «Ղարաբաղի» հայտարարությունից հետո, որում փաստացի հաստատվում է Իբրահիմովի հանցագործությունը, ՈՒԵՖԱ-ն ուղղակի պարտավոր է համարժեք գնահատական տալ տեղի ունեցածին։

Դժվար է մտաբերել գեթ մեկ դեպք, երբ ֆուտբոլային ակումբի պաշտոնական ներկայացուցիչը մարդկանց սպանելու և բնաջնջելու կոչ անի։ Պետք է արձանագրենք, որ Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունից «Ղարաբաղին» դուրս թողնելը ամենամեղմ պատիժը կարող է լինել։ Նախադեպը չունեցող այս արարքից հետո «Ղարաբաղը» պետք է զրկվի ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Արձանագրենք նաև, որ որակազրկումից բացի՝ այլ պատժամիջոցի կիրառումը կնշանակի, որ ՈՒԵՖԱ-ն անուղղակի կերպով խրախուսում է ֆուտբոլը քաղաքականացնելու, մարզաձևը ռազմաքաղաքական նպատակներով օգտագործելու, ինչպես նաև խաղաղ բնակչության սպանդ իրականացնելու ադրբեջանցիների մղումները։

Ի դեպ, Իբրահիմովի արարքին անդրադարձել է նաև հայտնի ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը։ Վերջինս թվիթերյան իր էջում գրել է. ««Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովն օրենքով պատասխան կտա այլ ազգի նկատմամբ դաժանության կոչերի, ազգային, ռասայական կամ կրոնական ատելություն հրահրելու համար»։

Հիշեցնենք, որ Իբրահիմովը Ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջում, անդրադառնալով Արցախում շարունակվող պատերազմին, մասնավորապես գրել էր. «Մենք պետք է սպանենք հայերին։ Պետք է սպանենք երեխաներին, կանանց, ծերերին, առանց որևէ տարբերության։ Պետք է սպանենք բոլորին։ Ոչ մի խղճահարություն և էմոցիաներ։ Եթե չսպանենք հայերին, ապա նրանք կսպանեն մեզ և մեր երեխաներին։ Նրանց հետ օրենքի լեզվով խոսելն անիմաստ է։ Թուրքիան տարիներ շարունակ փորձեց դա անել, բայց չստացվեց։

Հայերը սկսեցին հասկանալ, երբ սկսեցինք խոսել ուժի լեզվով։ Պետք է սպանենք, որ այլևս չհարվածեն Բարդային, Գյանջային և մյուս քաղաքներին։ Նրանք պետք է հասկանան, որ եթե սպանեն 1 ադրբեջանցի, ապա մենք կոչնչացնենք 100 հայ։ Մենք պետք է սպանենք»: