Ղարաբաղում ականի պայթյունից Ադրբեջանի քաղաքացի եղբայրներից մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել

Ադրբեջանի երկու քաղաքացիներ ականի վրա պայթել են Ֆիզուլիի շրջանի տարածքում, որն անցել է Բաքվի վերահսկողության տակ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման փուլի ավարտից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել Է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:

«Յասին եւ Ասիֆ Ահմեդով եղբայրները պայթել են ականի վրա Ֆիզուլիի շրջանում։ Յասին Ահմեդովը տեղում մահացել է, իսկ նրա եղբայրը՝ Ասիֆը տեղափոխվել է հիվանդանոց», — ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունում նշել են, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, նշանակվել են փորձաքննություններ:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա: