«Ճչացող մումիան». գիտնականները բացահայտել են, թե ով է եղել այն մարդը, ում ողջ-ողջ թաղել են եգիպտացիները ու թողել, որ ճչալով մահանա

19-րդ դարի վերջում անտիկ գերեզմանների ուսումնասիրությամբ զբաղվող եգիպտական դեպարտամենտը կարողանում է անսպասելի բացահայտում անել. դեպարտամենտի անդամները կարողանում են գտնել մի վայր, որտեղ հին եգիպտական մի քանի փարավոն է թաղված, բայց նրանցից մեկը տարբերվում էր մյուսներից։ 

Այդ վերջին մումիան թաղված էր լրիվ հասարակ փայտե դագաղում, նրա մարմինը ոչնչով ծածկված չէր, ու դեմքն էլ կարծես պոկված լիներ ամենասարսափազդու ֆիլմերից․ նրանում այնքան ցավ կար, որ երևում էր՝ այս եգիպտացին ողջ-ողջ է թաղվել։ Մումիայի բերանը բաց էր, ու դրանից կարող էիր հասկանալ, որ նա ճչացել է թաղվելուց հետո, ու հետազոտողները որոշեցին հենց այդպես էլ անվանել մումիային՝ «Ճչացող մումիա»։ 

«Ճչացող մումիայի» առեղծվածը երկար ժամանակ չէր բացահայտվում. գիտնականներն այդպես էլ չէին կարողանում հասկանալ, թե ով է նա, ում ողջ-ողջ թաղել են եգիպտացիները, այն էլ՝ փարավոնների հետ։ Սակայն վերջերս կարծես թե գիտնականները գտան պատասխանը։ 

Ամենասարսափելի դետալները նրանց թույլ տվեցին եզրակացություններ անել ու հասկանալ ողջ ճշմարտությունը։ «Ճչացող մումիան» փաթաթված էր ոչխարի բրդի մեջ։ Եգիպտոսում ոչխարը համարվում էր ամենաանպատիվ կենդանիներից մեկը։ Այս կենդանու մորթով թաղում էին միայն անարգվածներին։ Այստեղից պարզ էր դառնում, որ մահացածին, մեղմ ասած, փորձել են պատժել ու ոչ միայն թողել են, որ ողջ-ողջ մահանա, այլ նաև ամեն ինչ արել են, որ մահից հետո անգամ հիշեն նրա անարգված լինելը։ 

Հետազոտությունները ցույց տվեցին, որ մումիան Ռամզես 3-րդի ժամանակաշրջանից է։ Պատմությանը հայտնի է, որ Ռամզես 3-րդի ժամանակաշրջանում նրան սպանելու համար մի շարք մահափորձեր են կազմակերպվել։ Այդ մահափորձերից մեկն էլ կազմակերպել են իր կինն ու ավագ որդին։ 

Հետազոտողները վստահեցնում են, որ հենց նա է «Ճչացող մումիան»՝ Ռամզեսի ավագ որդին։ Նա փորձել է ամեն կերպ սպանել հորը, սակայն մահափորձերը ձախողվել են, ու այդ ժամանակ է, որ Ռամզես 3-րդը որոշում է կայացրել իր որդուն պատժելու համար ողջ-ողջ թաղել նրան։ Քանի որ նա փարավոնի որդի էր, չէր կարող չթաղվել փարավոնների համար նախատեսված դամբարանում, սակայն միաժամանակ նրանք արեցին ամեն ինչ, որպեսզի պատմությանը պարզ լինի, թե ինչպես են Հին Եգիպտոսում պատժել դավաճաններին, անգամ եթե նրանք փարավոնի որդի են։ 

Չնայած այս համոզիչ փաստարկներին՝ շատերը նշում են, որ «Ճչացող մումիայի» առեղծվածը, միևնույն է, մինչև վերջ չի բացահայտվել, ու դեռ շատ հետազոտություններ են անհրաժեշտ այն վերջնական բացահայտելու համար։