Մարդիկ իրար գլխի լցված կգնան գործի ու դասի․ սեպտեմբերից 450 գազել դադարելու են գործել

Global News Armenian գրել է՝

Սեպտեմբերի 15-ից վերսկսվում են դասերը դպրոցներում և բուհերում, ինչը նշանակում է, որ նախկինի պես մեծ թվով աշակերտներ և ուսանողներ սկսելու են օգտվել հասարակական տրանսպորտից։ Բայց պարզվում է, որ դասերը սկսելուն զուգահեռ մոտ 450 միկրոավտոբուսներ դադարելու են գործել, ինչի հետևանքով մարդիկ բախվելու են գերծանրաբեռնված երթևեկելու խնդրին։ Այլընտրանք չունենալով՝ մարդիկ իրար վրա լցված, առանց սոցիալական հեռավորություն պահելու, օգտվելու են տրանսպորտից, ինչը նշանակում է, որ կտրուկ բարձրանալու է կորոնավիրուսով վարակվելու ռիսկը։

Իշխանության ու համապատասխան կառույցների անգործության պատճառով կրկին տուժելու է ժողովուրդը, քանի որ գործուն քայլեր ձեռնարկելու, ոլորտը կարգի բերելու փոխարեն, վերջին ամիսներին իշխանական էլիտան զբաղված էր միայն ինքն իրեն պարգևատրելով և երկրում ստեղծված համաճարակային իրավիճակի մեջ ժողովրդին մեղադրելով։ Այնինչ, եթե մշակվեր ճիշտ ու արդյունավետ ռազմավարություն, պետությունը չէր կանգնի առողջապահական ու տնտեսական կոլապսի առաջ։

Բայց դե ո՞ւմ, ի՞նչ ես ասում․ ոնցոր կորոնավիրուսը գցեցին ժողովրդի գրպանն ու ձեռքները լվացին, նույն ճկունությամբ տրանսպորտային կոլապսը կբարդեն խեղճ ժողովրդի վրա ու կքաշվեն մի կողմ։ Դե բա հո իրանց պրեմիաներից չե՞ն զրկելու, որ մարդկանց կյանքը բարելավեն։