Մեհրիբան Ալիևան կոչ է արել ամբողջ աշխարհի ադրբեջանցիներին գործել միասին՝ ընդդեմ հայերի

Ադրբեջանի նախագահի տիկին, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան ինստագրամյան էջում արված հրապարակմամբ կոչ է արել ամբողջ աշխարհի ադրբեջանցիներին գործել միասին՝ ընդդեմ հայերի:

«Հարգելի հայրենակիցներ

Ինձ, ինչպես և ամբողջ աշխարհում միլիոնավոր ադրբեջանցիների, խորապես ցնցել են Լոս Անջելեսում և որոշ եվրոպական մայրաքաղաքներում տեղի ունեցած վերջին իրադարձություններ Ադրբեջանցիների խաղաղ հայրենասիրական ակցիաները՝ ի պաշտպանություն իրենց հայրենիքի, նախօրոք համաձայնեցված համապատասխան պետական ​​մարմինների հետ, բախվել են հայկական սփյուռքի որոշ ներկայացուցիչների կողմից ֆիզիկական բռնությունների, ագրեսիայի և քարանձավային ատելության: Լավ պատրաստված, սովորեցված սադրիչները, օգտվելով զգալի թվային առավելությունից, հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա՝ նրանց պատճառելով վնասվածքներ: Որոշ դեպքերում ագրեսիվ հայերի խմբերը հարձակվել են ադրբեջանցիների վրա, որոնք այդ պահին մենակ էին և չէին կարողացել դիմակայել կատաղած ամբոխին»,-գրել է Ալիևան:

Ադրբեջանի առաջին տիկինը նաև հիշեցրել է այսպես կոչված՝ «Խոջալուի դեպքերի» մասին ու նշել.

«Պատմությունը գիտի ադրբեջանցի ժողովրդի դեմ կատարված նման ոճրագործությունների շատ օրինակներ»: Ալևան նաև հարց է բարձրացրել՝ ինչու են Լոս Անջելեսի, Բրյուսելի և այլ քաղաքների իրավապահ մարմինները թույլ տալիս, որ հայերը կատարեն նման վայրագություններ, ապա դիմել է միջազգային հասարակական կազմակերպություններին. «Կոչ եմ անում հասարակական կազմակերպություններին, այդ թվում ՝ «Freedom House» -ին, «Amnesty International»-ին և «Human Rights Watch» կազմակերպությանը, որոնք հայտարարում են մարդու իրավունքների պաշտպանությունը որպես իրենց առաքելություն, արդար գնահատական ​​տալ տեղի ունեցած իրադարձություններին»:

Մեհրիբան Ալիևան նաև կոչ է արել ամբողջ աշխարհի ադրբեջանցիներին գործել միասի՝ միավորելով սփյուռքի ողջ ներուժը հայերին «հետ մղելու համար»: «Միևնույն ժամանակ, մենք պետք է հիշենք, որ մենք չենք կարող նմանվել բարբարոսներին և ավազակներին, որոնք գործում են քարանձավային ատելությամբ և անհանդուրժողականությամբ: Մեր պայքարը պետք է իրականացվի բացառապես իրավական շրջանակներում»,-նշել է նա: