«Մենք կհաղթենք այդ ագրեսիան ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաեւ արվեստով, երաժշտությամբ, գրականությամբ և գիտությամբ»․ Տիգրան Ձիթողցյան

Աշխարհահռչակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանն իր ֆեյսբուքյան էջում վերահրապարակել է Սերժ Թանկայնի գրառումը, որին կից անդրադարձել է System of a Down խմբի նոր ստեղծագործություններին, ինչպես նաեւ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Սիրիայի ահաբեկիչների դեմ Արցախում մարտնչող, ամբողջ աշխարհում միավորված հայերին։

Նա գրել է․ «Այս օրվան սպասում էի 15 տարի։ Նոր երգ @systemofadown-ից։ Երբեք չեմ մտածել, որ դա տեղի կունենա, որ հայ ժողովուրդը կրկին հարձակման կենթարկվի եւ կհայտնվի նոր ցեղասպանության վտանգի տակ։ Ես տեսել եմ աշխարհի ամենահամարձակ տղամարդկանց եւ կանանց, ովքեր մարտնչում են թվով 10 անգամ իրենց գերազանցող Ադրբեջանի, Թուրքիայի եւ Սիրիայի ահաբեկիչների դեմ, որոնք այստեղ են եկել մեկ նպատակով՝ ոչնչացնել Արցախի հայ բնակչությանը․ տղամարդիկ, կանայք, երեխաներ-կարեւոր չէ։ Միայն ոչ այս անգամ։ Ես այնքան հպարտ եմ, որ ամբողջ ազգը միավորվել է որպես մեկ ամբողջություն ողջ աշխարհում՝ պայքարելով ապրելու եւ իր տունն ունենալու մեր իրավունքների համար։

Երկրագնդի վրա հնագույն երկրներից եւ քաղաքակրթություններից մեկը։ Մենք կհաղթենք ահաբեկչական այդ ագրեսիային՝ միավորելով ամեն ինչ, եւ ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաեւ արվեստով, երաժշտությամբ, գրականությամբ եւ գիտությամբ։ @systemofadown եւ @serjtankian դուք լեգենդներ եք եւ անվերջ ոգեշնչում։ Չեմ համբերում լսել հաղթանակի նոր երգը»։ Հիշեցնենք, որ «System Of A Down» ռոք խումբը 15 տարվա ընթացքում երկու նոր երգ է ներկայացրել, որոնք նվիրված են Արցախի պաշտպաններին ու բնակիչներին։

«Protect The Land» եւ «Genocidal Humanoidz». երգերն այս անունն են ստացել։ Նշենք, որ հայազգի երաժիշտների վերամիավորման արդյունքում ստեղծված երգերի ողջ հասույթը տրամադրվելու է Հայաստանի համահայկական հիմնադրամին: Երգերը կարելի է ձեռք բերել systemofadown.bandcamp.com կայքից: