Մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց

Մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ քանի՞ վիրավոր ունի հայկական կողմը, եւ ինչպե՞ս է վիրավորների առողջական վիճակը։

«Ըստ բժիշկների, բարեբախտաբար, մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Հիմնականում ստացել են միջին ու թեթեւ վնասվածքներ։ Ընթացքում մենք կփորձենք իրազեկել վիրավորների վիճակի մասին։

Հիմնականում թեթեև ծանրության են, կան նաև մարդիկ, որոնք միջին ծանրության են»,- պատասխանեց Արծրուն Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ Ադրբեջանը սեփական գյուղերում թիրախավորում է սեփական բնակչությանը:

«Ես բրիֆինգից հետո իմ մոտ եղած տեղեկությունները կփոխանցեմ ձեզ, թե ինչպես են տների մերձակայքում թիրախավորում զրահատեխնիկա` թիրախավորելով խաղաղ բնակչությանը: Այս պահին ունենք համապատասխան ապացույցներ»,-ասաց նա:

Նա հավելեց, որ այս պահին ընդհանուր օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, ժամը 18:00-ից քիչ կրակոցներ կան, լարվածության նվազում կա:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ադրբեջանական կողմի զոհերը պաշտոնական տվյալներով 11 են, ինքը բայց վստահ է, որ թվերը կարող են փոխվել։

Լրագրողների հետ հանդիպմանն Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու և ՊՆ նախկին մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձավ նաև վերջին 2 օրերին մեր բանակի կողմից խոցած ԱԹՍ-ների քանակին։

«Վաղն ավելի ստույգ կասեմ։ Ամսի 12-ից սկսած՝ մինչեւ այսօր ներառյալ, թիվը մոտենում է 10-ին»,- ասաց Հովհաննիսյանը։