«Մինչև ինձ չսպանեք, ուրիշ ընտրություն չի լինի»․ Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանել է գործադուլի մասնակիցների մոտ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղղաթիռը վայրէջք է կատարել Մինսկի անվային քարշակների գործարանի տարածքում, որտեղ վերջինս հանդիպել է գործադուլավորների հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ավտոմեքենաների երթևեկությունը գործարանի տարածքում սահմանափակված չէ։ Ուղղաթիռը վայրէջք է կատարել տեղական ժամանակով ժամը 10։00-ի սահմաններում։

Լուկաշենկոն Մինսկի անվային քարշակների գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկրում նոր ընտրություններ չեն անցկացվի:

«Երբևէ չսպասեք, թե ճնշման տակ ինչ-որ բան կարող եմ անել։ Նրանք չեն գա իշխանության գլուխ։ Քանի որ չի լինի ո՛չ Մինսկի անվային քարշակների գործարանը, ո՛չ Մինսկի ավտոմոբիլային գործարանը, և ո՛չ էլ Բելառուսի ավտոմոբիլային գործարանը․ կես տարվա ընթացքում կոչնչացվի ամեն ինչ»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է «Բելտա» գործակալությունը։

«Դուք խոսում եք անարդար ընտրությունների մասին և ցանկանում եք անցկացնել արդար ընտրություննե՞ր», — հարցրել է նախագահը: «Ես պատասխանում եմ այս հարցին. մենք ընտրություններ անցկացրել ենք: Մինչև ինձ չսպանեք, ուրիշ ընտրություն չի լինի»,- հավելել է նա:

Նա կոչ է արել իշխանական լիազորությունների վերաբաշխում իրականացնել սահմանադրական գործընթացի միջոցով, այլ ոչ թե փողոցային ակցիաների միջոցով։

Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ հավելյալ աշխատատեղեր է բացել, որպեսզի մարդկանց առանց ապրուստի միջոցի չթողնի։

««Վատ» նախագահը հավելյալ աշխատատեղեր էր բացել, որպեսզի մարդկանց փողոցում չթողներ։ Ով ուզում է աշխատել, թող աշխատի։ Չեն ուզում աշխատել, դե ինչ, մենք նրանց չենք ստիպի»,- ասել է Լուկաշենկոն։

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Մինսկի անվային քարշակների գործարանի աշխատակիցները մեկօրյա գործադուլ են հայտարարել՝ ընդգծելով, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, գործադուլը կվերածվի անժամկետ գործադուլի։

Բելառուսում նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ Սվետլանա Տիխանովսկայան ձայների ընդամենը 10,12 տոկոսն է հավաքել։ 

Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ, մեկ ցուցարար զոհվել է: