Մտել է «Varks.am» և «Մոգո» ընկերություններ և դիզվառելիքով այրվող շիշը նետել ներս

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում մի քաղաքացի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ, աշխատակիցներին դուրս է հրավիրել և ձեռքին եղած դիզվառելիքով լցված շիշը վառել և նետել է՝ ներսում առաջացնելով հրդեհ, ապա դիմել փախուստի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջները, սակայն նրանք անելիք չեն ունեցել, քանի որ տեղի ուժերով նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Կասկածյալի մոտավոր ինքնությունը պարզվել է և իրավապահները մի քանի հասցեներ են մեկնել, որից հետո Գուգարքի ոստիկանները հայտնաբերում են նրան, ով բերման է ենթարկվել ոստիկանություն։ Նա Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Լևոն Մ-ն է։

Գ. Շամշյանի տեղեկություններով, երբ ոստիկանները պարզում են նրա ինքնությունը և պարզում են՝ որտեղ է նա գտնվում, այցելում են այդ վայր, և այդ ժամանակ Լևոն Մ-ն զանգահարում է ոստիկանություն և հայտնում, որ ինքն է հեղինակը։ Փաստի առթիվ նշված ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։