Նախադրյալներ են ստեղծվում Ղարաբաղի խնդրի կարգավորման համար․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նախադրյալներ են ստեղծվում Ղարաբաղում խնդրի կարգավորման համար՝ հաշվի առնելով Երևանի ու Բաքվի շահերը։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինի խոսքով նախադրյալներ են ստեղծվում ղարաբաղյան հակամարտությունն արդար հիմքի վրա երկարաժամկետ կարգավորելու համար՝ հաշվի առնելով ադրեբջանցի ու հայ ժողովուրդների շահերը։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին եւ 24-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, մանրամասն քննարկվել են Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության նոյեմբերի 21-ին Երեւան եւ Բաքու այցի արդյունքները, ինչպես նաեւ երեք երկրների ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ընթացքը:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շրջանում ռուս խաղաղապահների աշխատանքի մոդալությունները եւ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու հետագա քայլերը:

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում տնտեսական փոխգործակցության եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին: