Նիկոլ Փաշինյանը դասալիք է, նրա տեղն աղբամանում է, նա հանձնեց մեր հայրենիքը․Արթուր Վանեցյան

Իմ դասալիք լինելու-չլինելու գնահատականը կտա Արցախի ՊԲ-ի հրամանատարությունը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։ Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանին տված հարցազրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր հրաժարականը պահանջած ընդդիմադիր գործիչը՝ գեներալների ոսադիրներով Շոշի դիրքերը թողել ու փախել է, իսկ այսօր հայտարարում է, որ բանակի կողքին կանգնած է։

«Մենք եղել ենք թե՛ Շուշիի մատույցներում, թե հենց Շուշիի մեջ, թե՛ ՊԲ –ի հրամանատարի անմիջական ցուցումով տարբեր ժամանակներ մեկնել ենք ամենածանր մարտերի վայր և իրականացրել ենք հատուկ գործողություններ։ Իմ զորախմբում ներգրավված են եղել ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյաններ։ Ներգրվաված են եղել մտավորականներ, դասախոսներ, գիտնականներ, սովորական մարդիկ, մեր զորախմբին Արցախում միացել է նաև 25 հոգանոց կամավորների խումբ, որոնք տեսնելով մեր կազմակերպությունը, մեր առաջադրանքների կատարման արդյունավետությունը ցանկություն են հայտնել միանալ մեր զորախմբին»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հենց իրեն դիմում, Արթուր Վանեցյանն արձագանքեց․

«Որովհետև Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ինձ վարկաբեկելու արշավի շրջանակում փորձում է մանիպուլացնել հասարակությանը և ինձ ներկայացնել որպես դասալիք։ Պետական դավաճան եղանք, պետական հեղաշրջում իրականացնող եղանք, Ռուսաստանի գործակալ եղանք, կոռուպցիոներ եղանք, ոչ պրոֆեսիոնալ աշխատակից եղանք, անգամ պատերազմի առաջին օրերին ոչ ուղիղ մեղադրանք հնչեցվեց դավաճանության մասին, որից հետո խորհրդարանի կուսակցությունների հանդիպմանը ուղիղ հարց են տվել Նիկոլ Փաշինյանին, որ սենց բան ես գրել,  ասել էր՝ հա, էդ տեղեկատվությունը չհաստատվեց, կեղծ էր, բայց հանրության մեջ մնաց, որ դավաճաններ կան։ Այ, ինքն է պառակտել բանակը, հատկապես երկրի ղեկավարը պետք է իմանա  իր խոսքի արժեքը, էս մարդն իր խոսքի արժեքը չգիտի, նա զարթնում է մի բանի մասին է խոսում, երեկոյան այլ բանի մասին է խոսում, մյուս օրը, երբ հարցնում ես նախկին խոսացածի մասին, ասում  է՝ ես նման բան չեմ ասել, բերում ես տեսանյութ ես ցույց տալիս, ասում է՝ կոնտեքստից կտրված է, իսկ եթե շատ է նեղն ընկնում, ասում է՝ դե, կարող է սխալվել եմ»,- նշեց ԱԱԾ նախկին տնօրենը։

Արթուր Վանեցյանը հայտարարեց, թե իր դասալիք լինելու-չլինելու գնահատականը կտա Արցախի ՊԲ-ի հրամանատարությունը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։

«Չեմ կարծում, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը կգար և երեկ  կհանդիպեր դիրքը լքած դասալիքի հետ։ Դասալիքը Նիկոլ Փաշինյանն է, որը չի ծառայել բանակում, «դասալիք» է մնացյալ բոլոր հարցերում, որովհետև միշտ ամենապատասխանատու տեղերից փախել, ծլկել է։ Ամենամեծ դասալիքն ինքն ու իր շրջապատն են, որոնք բանակից ազատված  մինչև պատերազմի սկսվելը գնում և կանգնում էին դիրքերում, նկարվում էին, զորքին շարում էին, էդ զորքը նորմալ չէր վերաբերվում, որ իրենց շարքում դասալիքներ կան»,- ասաց նա։

ԱԱԾ նախկին տնօրենը հիշեցրեց, որ երբ ինքը հրաժարական էր տվել, Նիկոլ Փաշինյանն ասուլիսներից մեկի ժամանակ ասել էր, թե գերագույն գլխավոր հրամանատարի դեմ նման հայտարարություն անող գեներալի ուսադիրները պետք է հանել և շպրտել աղբամանը, իսկ ինքն էլ ի պատասխան նշել էր, թե ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբամանում։

«Ցավոք, ժամանակը շատ արագ եկավ, և Նիկոլ Փաշինյանի տեղն այսօր այդ աղբամանում է, որովհետև նա ծախեց, հանձնեց մեր հայրենիքը»,- նշեց ԱԱԾ նախկին տնօրենը՝ հավելելով, որ մեր բանակը կռվել է, ծանր մարտեր են եղել, բայց, ցավոք տարաքծներ էինք զիջում, բայց դա մեր բանակի մեղքը չէր, որովհետև մեծ թվով ուժերի դեմ էինք կռվում։

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը  ինչ-որ բանի դիմա՞ց է հանձնել հայրենիքի մի մասը, Արթուր Վանեցյանը նշեց, որ փաստեր չունի։