Ո՞վ է Տավուշյան մարտերի մասնակից, ՀՀ ազգային հերոսի կոչման ներկայացված Ռուբեն Սանամյանը. (լուսանկար)

Տավուշյան մարտերի մասնակից, ՀՀ ազգային հերոսի կոչման ներկայացված կապիտան Ռուբեն Սանամյանը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից է, զինված ուժերում ծառայում է  8 տարուց ավելի:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ ծանոթ է Սանամյանին ու նրա կատարած սխրանքին:

«Իմ ունեցած խիստ հավաստի տեղեկություններով Ազգային հերոսի կոչման ներկայացված Ռուբեն Սանամյանի սխրանքը հերոսական է, և նա իսկապես բացառիկ ծառայություններ է մատուցել մեր հայրենիքին: Ընդհանրապես տավուշյան մարտերում շատ մեծ է եղել Սանամյանի դերը եւ ռազմաքաղաքկան առումով շատ կարեւոր են եղել տավուշյան մարտերը»,- ասաց նա:

Նորիկյանի խոսքով` Սանամյանը իր արիությամբ դեռ աչքի է ընկել 2012 թվականին եւ այն ժամանակ էլ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կապիտան Ռուբեն Սանամյանին Ազգային հերոսի կոչման արժանացնելու եւ «Հայրենիք»-ի շքանշանով պարգեւատրելու միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին:

Նախագահի կողմից միջնորդությունը հաստատվելու դեպքում Ռուբեն Սանամյանը կդառնա Հայաստանի Հանրապետության 18-րդ Ազգային հերոսը: