Ո՞ւմ է աջակցում իրականում Պուտինը․ Փաշինյանի՞ն, պետությա՞նը, թե՞ եռակողմ պայմանավորվածությունները

Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո նոյեմբերի 9-ին ստորագրված Արցախյան հրադադարի եռակողմ հայտարարությունը Հայաստանի նորագույն պատմության ամենաբեկումնային քաղաքական իրադարձությունն է դառնալու, որի հետևանքները դեռ լիովին տեսանելի չեն, քանի որ Հայաստանում և Արցախում, ինչպես նաև ՀՀ-ի ու Արցախի շուրջ իրավիճակը ժամ առ ժամ է փոխվում։ Արցախում ռուսական ռազմական ներկայությունն էապես մեծացրել է ՌԴ-ի դերը Արցախում, որտեղ արդեն ակտիվորեն քննարկվում է ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ շնորհելու հարցը, անկախ Երևանից Ռուսաստանի հետ հարաբերությունների և կապերի խորացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ են ձևավորվում, ՌԴ-ն դիտարկում է բացել Արցախի հետ ավիահաղորդակցություն, Արցախում ներքաղաքական վերադասավորումներ են սկսվում, և փոփոխությունները դեռ ակտիվ ընթացքի մեջ են, վերջնական պատկերը դեռ ուրվագծված չէ, սակայն արդեն իսկ նկատելի է ռուսական ազդեցության էական մեծացում։

Ուշադրության արժանի է նաև այն հանգամանքը, որ երկրի ներսում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հասարակական խորը անվստահության և ինտենսիվորեն գահավիժող ռեյտինգի ֆոնին՝ ՌԴ իշխանություններն են սկսում հրապարակայնորեն «աջակցել» Փաշինյանին ամենաբարձր՝ թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մակարդակով, և եթե նույնիսկ չեն աջակցում իրականում, այլ փորձում ամրապնդել եռակողմ պայմանավորվածությունները, ապա, միևնույն է, այդ անդրադարձները կարծես թե դիտարկվում են՝ որպես աջակցություն։

Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը փորձեց «փրկել» Փաշինյանին այս օրերին հայ հանրության համար ամենացավոտ հարցի՝ անհետ կորածների, ռազմագերիների ու զոհված զինծառայողների աճյունների փոխանակման հարցի վերաբերյալ, ասելով, թե Ռուսաստանը չի տեսնում ռազմագերիների փոխանակման հարցի դիտավորյալ ձգձգում։

«Այդ հարցը պարբերաբար դրվում է վարչապետ Փաշինյանի կողմից նախագահ Պուտինի հետ նրա հեռախոսազրույցների ընթացքում։ Իսկ այդ կոնտակտները վերջին օրերին և շաբաթներին քիչ չեն եղել»,- նշել էր Լավրովը՝ արձագանքելով լրագրողի հարցի այն դիտարկմանը, թե Հայաստանում այդ հարցով դիմել են ՌԴ դեսպանատուն։

Իսկ այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նստաշրջանի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի կողմից խիզախություն համարեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածության ստորագրումը: Նա մասնավորապես նշեց․

«Հայաստանը, հայ ժողովուրդը ապրում էին իրենց պատմության դժվարին ժամանակներից մեկը, և Հայաստանի ղեկավարությունը, կառավարության ղեկավար-վարչապետը ստիպված էին կայացնել շատ դժվար, բայց անհրաժեշտ որոշում հայ ժողովրդի համար: Պետք է ասեմ, որ այդ որոշումները, իհարկե, ցավոտ էին, բայց անհրաժեշտ, ու մեծ անձնական խիզախություն էին պահանջում վարչապետից: Դա ակնհայտ է: Նա այդ պատասխանատվությունն իր վրա վերցրեց»: ՌԴ նախագահը նշեց, որ հիմա անհրաժեշտ է աջակցել անձամբ վարչապետին և նրա թիմին, որպեսզի ապահովվի երկրում խաղաղ կյանքը, կատարվեն բոլոր պայմանավորվածությունները, ու աջակցություն ստանան անձինք, որոնք հայտնվել են կյանքի դժվարին պայմաններում: Նմանատիպ «աջակցությունը» Պուտինի կողմից Փաշինյանին անհասկանալի է՝ հաշվի առնելով 2,5 տարի շարունակվող արդարացված կարծիքներն ու տեղեկություններն այն մասին, որ Փաշինյան-Պուտին «հարաբերությունները» չեն ստացվում, Փաշինյանի նկատմամբ չկա վստահություն, նա դիտարկվում է՝ որպես արևմտամետ քաղաքական գործիչ, ով իր անցյալի օրակարգում ուներ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու հարց, քննադատում էր Ռուսաստանին 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի համար։ Սակայն այս անդրադարձները նաև հասկանալի են, քանի որ Փաշինյանի ստորագրության շնորհիվ Ռուսաստանը դիվանագիտությունը մեծ հաղթանակ արձանագրեց՝ անժամկետ ռազմաքաղաքական ներկայության հասնելով Արցախում, ինչպես նաև՝ ակնկալելով ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի արմատական փոփոխություն Ռուսաստանի ուղղությամբ։

Հայաստանյան հանրությունն ու առավելապես փորձագիտական շրջանակներն ակտիվորեն քննարկում են հայ-ռուսական հարաբերությունների նոր ելևէջները՝ փորձելով կանխատեսել հետագա զարգացումները կամ վերլուծել Պուտինի արձագանքի իրական տողատակերը։ Սակայն իրական պատկերացում կազմելու համար պետք է տևական ժամանակ հետևած և ծանոթ լինել Պուտինի ոճին։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ուշագրավ գրառում էր արել իր ֆեյսբուքյան էջում երկու առանցքային հանգամանք առանձնացնելով Պուտինի ելույթի մասին.

«Առաջին՝ առիթ ունեցել եմ ասելու, որ պատերազմի ելքով կողմերից և ոչ մեկը բավարարված չէ։ Ըստ էության, Ադրբեջանի հետ պատերազմը դեռ չի ավարտվել, թուրքական խոշոր բանակը կանգնած է Իգդիրում։ Սա առաջին հերթին ճնշում է Հայաստանի վրա, որպեսզի պարտավորություններից չխուսափի։ Ճնշում է նաև Ռուսաստանի վրա, որ իր միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը մինչև վերջ իրականացվի։ Իր հերթին՝ Ռուսաստանը զինված ուժեր է կենտրոնացնում Հայաստանում և Արցախում։ Սա դեռևս շարունակվող գործընթաց է։ Ավելին, մենք դեռ չգիտենք, թե էլ ինչ է Նիկոլ Փաշինյանը պարտավորվել հանձնել և ում։ Կա մի կարևոր հանգամանք։ Քանի դեռ այս բոլոր պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել, Նիկոլի գնալն ընդամենը բարդացնելու է Ռուսաստանի գործը՝ որպես միջնորդ։ Ընդամենը։ Սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանը ցանկանում է, որ Նիկոլը մնա: Ով էլ հիմա գա, Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից չի խորշելու։ Փորձելու է համոզել, բանակցել, մի բան պակաս տալ, մի բան ավել պահել։ Սա, իհարկե, լրացուցիչ գլխացավանք է համաձայնության տակ ստորագրածների համար, բայց մեզ համար շանս է։

Երկրորդ

1. Պուտինը ունի պետական մտածելակերպ։

2. Ռուսաստանի համար կարևոր գործընկեր է Հայաստանը, այլ ոչ թե Հայաստանի իշխանությունը։

3. Ռուսաստանը երբեք չի ողջունում արտաքին միջամտություն որևէ պետության ներքին գործերի մեջ։

4. Պուտինը երբեք ոչ մի երկրի ղեկավարի չի մեղադրում դավաճան լինելու մեջ։

5. Պուտինը մեզանից լավ գիտի Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն ու նրա քաղաքական ապագան»։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևը փորձեց բացատրել, թե ինչով է պայմանավորված Պուտինի արձագանքների տոնի փոփոխությունը, ըստ էության անելով նույնպիսի շեշտադրումներ, ինչ Սուրեն Սարգսյանն իր գրառման մեջ։

Արեշևն ասաց, որ նախ ՌԴ նախագահն ավանդաբար հանդես է գալիս հավասարակշռված գնահատականներով։ Բացի դրանից, նրա խոսքով, ինչպես մենք գիտենք, Ռուսաստանն աշխատում է այն իշխանության հետ, որը կա տվյալ երկրում, այդ թվում՝ հետսովետական։

Արեշևի կարծիքով, որոշ շրջաններում դա կարող է լինել նաև անկախ երկկողմ հարաբերությունների վիճակից կամ նույնիսկ դրանց բացակայությունից։ Ռուսաստանը, նրա խոսքով, հանդես է գալիս պետականության դիրքերից։

«Ուստի, բնականաբար, եթե այսօր ՌԴ նախագահը հանդես գար ինչ-որ այլ գնահատականներով, դա կլիներ այս տրամաբանության շրջանակից դուրս։ Այստեղ զարմանալի ոչինչ չկա։ Այլ հարց է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջները գալիս են հայաստանյան հասարակությունից, այդ թվում՝ դա արտահայտվում է համացանցում, սոցիոլոգիական հարցումներով, բողոքի ակցիաներով, անկասկած այս կամ այն գործչի հրաժարականը դա երկրի ներքին գործն է, ուստի այստեղ ես հակասություններ չեմ տեսնում»,- ասաց Արեշևը՝ նշելով, որ սա ներքին կյանքին միջամտության փորձ չէ։

Հարցին, թե պաշտոնական Մոսկվան հույս ունի՞ խորացնել հայ-ռուսական հարաբերությունները Փաշինյանի օրոք, Արեշևը պատասխանեց, որ ինքը չի կարող դեռ վարչապետությունը շարունակող Փաշինյանի անձի հետ կապել որևէ առաջընթաց հայ-ռուսական հարաբերություններում, քանի որ գործողությունների նրա մեթոդը չափազանց հասկանալի է եղել, վերջին տարիների ընթացքում նա զբաղվել է նրանով, որ այդ հարաբերւթյունները տապալել ու քայքայել է։

«Ինչի՞ դա հանգեցրեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար՝ մենք դա տեսնում ենք, և ինձ թվում է, որ յուրաքանչյուր օր, անցկացված պարոն Փաշինյանի կողմից իր պաշտոնին, խորացնում է այդ իրավիճակը՝ անկախ նրանից, թե հրապարակային ինչ գնահատականներ են տրվում։ Մենք հասկանում ենք, որ հրապարակային գնահատականները պետական գործիչների կողմից արտահայտվում են համապատասխան ձևով հավասարակշռված։ Թե ինչպես այդ հարցը կլուծվի երկրի ներսում՝ ինձ համար բավականին բարդ է ասելը, քանի որ իրադարձություններն արագ են զարգանում, և ես չէի ցանկանա զբաղվել գուշակությամբ։ Բայց կա զգացողություն, որ պարոն Փաշինյանի փորձերը՝ մնալ իշխանության, դատապարտված են անհաջողության, ինձ մոտ այսպիսի զգացողություն է»,- նման կարծիք հայտնեց Անդրեյ Արեշևը։

Համադրելով այսօր համացանցում և լրատվամիջոցներում փորձագետների, քաղաքական գործիչների վերլուծությունները՝ կարող ենք ամփոփել, որ պուտինյան աջակցությունն ուղղված է ոչ այնքան Փաշինյանին, այլ եռակողմ պայմանավորվածություններին, որոնք կնքել է Նիկոլ Փաշինյանը, և դրանք դեռ իրագործման փուլում են։ ՌԴ նախագահը նաև ավանդաբար հրապարակայնորեն հանդես է գալիս պետականության, սահմանադրականության պահպանման դիրքերից, սովորաբար կոչ անելով խուսափել ներքաղաքական ճգնաժամերից։