«Ո՞ւր է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը»

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Կորոնավիրուսի դեմ պայքարում շատ է խոսվում այն մասին, որ այն հաղթահարելը հիմնականում պայմանավորված է քաղաքացիների ինքնագիտակցության բարձրացմամբ: Ոստիկանական հաղորդագրությունների համաձայն մինչ այժմ ազգաբնակչության շրջանում կազմվել է դիմակ չկրելու և ընդհանրապես արտակարգ դրության ռեժիմի պայմանները չպահպանելու շուրջ 45000 վարչական ակտ, որի մոտ 90 տոկոսը Երևանում:

Իսկ ինչ է արել Երևանի քաղաքապետարանը իր պարտականությունների և լիազորությունների սահմաններւմ, որպեսզի այդ վարչական ակտերը չկազմվեին, որպեսզի Երևանը և երևանցին հնարավորինս մեղմ տաներ համավարակի հետևանքները, ըստ էության գրեթե ոչինչ:

Երևանի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցները չեն շրջել քաղաքով՝ հնարավորինս չեն իրազեկել, սովորեցնելով, գործնական օժանդակություն ցուցաբերել տնտեսվարողներին՝ թե ինչպես պահել արտակարգ ռեժիմով պայմանավորված անհրաժեշտ աշխատանքային պայմանները, պատշաճ ախտահանում չեն իրականացրել հասարակական վայրերում և այլն և այլն:

Կամ գոնե հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական տրանսպորտը ամենառիսկային վայրերից է և ըստ էության այս ընթացքում ոչ շահութաբեր, կարելի էր հույսը չդնել օրական մի քանի կոպեկ տուն տանող վարորդների ինքնագիտակցության վրա և ախտահանիչ պարագաների առկայությունը հասարակական տրանսպորտում ապահովեր Երևանի քաղաքապետարանը:

Տեսչական մարմինները մեկը մյուսին հերթ չեն տալիս ցույց տալու իրենց «պրոֆեսիոնալիզմը» տնտեսվարողների գործունեությունը կասեցնելու կամ մարդկանց տուգանելու առումով:

Երևանի քաղաքապետարանը իր պատշաճ մասնակցությունը չի բերում համավարակի դեմ պայքարում և մնում է այն քաղաքական պոպուլիզմի տրամաբանության մեջ, որը որդեգրել են ներկա իշխանությունները առհասարակ, քիչ է մնում թե իշխանություններն ասեն «ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո դիմակ կրելու մեջ է»: Ժողովրդի ինքնագիտակցության վրա հույս դնելով և ամբողջ պատասխանատվությունը ժողովրդի վրա դնելով ոչ հարցը կլուծվի ոչ էլ կառավարիչները կդառնան ավելի լավը:

Այս ամենի տրամաբանության մեջ նորից հարց է առաջանում, ինչով է Երևանի քաղաքապետարանը աջակցում երևանցիներին: Նորից պիտի գանք ավանդական դարձած հարցին, որը ցավոք աստիճանաբար դառնում է ավելի հռետորական՝ «Ո՞ւր է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը»: