Որևէ մեկը հող չի տվել, պարտվել ենք բոլորս, և պարտված կողմին թելադրել են այն, ինչը հնարավոր է եղել. «Իմ քայլը»-ի պատգամավոր

Այն պատգամավորները, որոնք խմբակցությունը լքում և մանդատն են վայր դնում, ինչ-որ տեղ նրանց կարելի է հասկանալ, նրանք փորձում են իրենց ուժերն օգտագործել այլ բնագավառում, դա լրիվ հասկանալի, ընդունելի է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով իշխանական խմբակցությունը լքած կամ մանդատը վայր դրած պատգամավորներին:

«Իսկ նրանք, որոնք մանդատը վայր չեն դնում և պատգամավոր են դարձել քաղաքական ուժի շնորհիվ, շատերն էլ՝ ցուցակով, ոչ թե ռեյտինգային, օգտագործելով այդ քաղաքական իրավիճակը՝ դարձել են պատգամավոր և վայր չդնելով մանդատը՝ առանձնանում են, ես համարում եմ շատ ամոթ երևույթ այդ պատգամավորների համար, որովհետև ստացվում է, որ պարտությունը որբ է, իսկ հաղթանակն ունի հազար տեր: Եթե այլ իրավիճակ լիներ պատերազմի դաշտում, վստահ եմ՝ վայր չէին դնի մանդատը և կգովաբանեին և ավելի շատ հեքիաթներ կպատմեին իրենց ներգրավվածության, արած-չարածի համար, բայց երբ դժվար իրավիճակ է լինում, և այդ մարդիկ ասում են՝ մենք լավ իրավիճակների ընկեր և համախոհ ենք, նման ընկեր չի լինում»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ չի՞ կարծում, որ պետք է հրաժարական լինի, քանի որ կա հանրային, քաղաքական պահանջ, պատգամավորն արձագանքեց. «Բոլորդ փաստում եք, որ կա այդպիսի պահանջ, ես հավատում եմ միայն փաստերին, ոչ թե ֆեյսբուքյան հայտարարություններին, ոչ թե մի քանի հոգու ցույցերին կամ ճանապարհ փակելուն: Ես ամենօրյա կապի մեջ եմ ժողովրդի հետ, և հիմնականում, որ լսում են, ասում են՝ հանկարծ հետդարձ չլինի, ես էլ ասում եմ՝ նման բան չկա»,-ասաց նա:

Դիտարկմանը՝ քաղաքացիներն ասում են՝ Արցախի մնացած 20 տոկո՞ս տարածքն էլ տվեք, պատգամավորն արձագանքեց. «Որևէ մեկը չի տվել, սա պատերազմ է, և պարտվել ենք բոլորս, որևէ մեկը հող չի տվել, և, հետևաբար, պարտված կողմին թելադրել են այն, ինչը հնարավոր է եղել, սակայն դա ինձ համար ընդունելի չէ, և պետք է անել այն ամենը, որ մենք կարողանանք վերականգնել»:

Հարցին՝ ինքը՝ որպես իշխանական պատգամավոր, տեղյա՞կ է եղել, թե նոյեմբերի 9-ի գիշերն ինչ պայմանագիր է կնքվելու, Խաչատրյանը պատասխանեց, որ փաստաթղթից տեղյակ չի եղել, բայց այդ օրը ժամեր առաջ անմիջական կապի մեջ է եղել Արցախի որոշ շրջանակների հետ և անընդհատ ահազանգեր է ստացել, որ այլևս հնարավոր չէ շարունակել: «Քաղաքական գործընթացներին չեմ մասնակցել, երևի իմ լիազորությունների մեջ էլ չէր մտնում, երևի, սակայն տեղյակ եմ եղել, որ ծայրահեղ ծանր վիճակ է Արցախում»,-ասաց նա՝ նշելով, թե վարչապետին հարցեր չունի, որովհետև այնպես չէ, որ Արցախում տիրող իրավիճակի մասին վարչապետից պետք է իմանար:

Հարցին՝ ինչ է արել ինքը, որ կապիտուլյացիոն փաստաթուղթն ավելի վաղ ստորագրվեր՝ ավելի նվազ կորուստներով, Խաչատրյանն արձագանքեց՝ ինքը դիվանագիտական կորպուսի աշխատակից չէ, որ ինչ-որ բան անի: «Ես առաջին օրվանից եղել եմ բանակի և իմ ժողովրդի կողքին: Ասում եք՝ անցել է 20 օր ստորագրումից հետո, Ադրբեջանից պահանջվել է 25 տարի, որ հասնի հաղթանակի, և 20 օրվա ընթացքում հնարավոր չէ անգամ քննության պատրաստվել»,- ասաց Խաչատրյանը:

Նա նշեց նաև, թե Արցախի հարցով բանակցությունները փակուղի են մտել շատ վաղուց ՝ դեռևս Ապրիլյան պատերազմի ժամանակ: