ՈՒԵՖԱ-ի որոշման կարևորությունը. «Ղարաբաղը» կորակազրկվի՞

1in.am-ը գրում է՝

Ադրբեջանի չեմպիոն «Ղարաբաղի» մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովը նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ, որը ցնցել է ոչ միայն ֆուտբոլասեր հասարակությանը։ «Մենք պետք է սպանենք հայերին։ Պետք է սպանենք երեխաներին, կանանց, ծերերին, առանց որևէ տարբերության։ Պետք է սպանենք բոլորին։ Ոչ մի խղճահարություն և էմոցիաներ։ Եթե չսպանենք հայերին, ապա նրանք կսպանեն մեզ և մեր երեխաներին։ Նրանց հետ օրենքի լեզվով խոսելն անիմաստ է։ Թուրքիան տարիներ շարունակ փորձեց դա անել, բայց չստացվեց։ Հայերը սկսեցին հասկանալ, երբ սկսեցինք խոսել ուժի լեզվով։ Պետք է սպանենք, որ այլևս չհարվածեն Բարդային, Գյանջային և մյուս քաղաքներին։ Նրանք պետք է հասկանան, որ եթե սպանեն 1 ադրբեջանցի, ապա մենք կոչնչացնենք 100 հայ։ Մենք պետք է սպանենք»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր Իբրահիմովը։

Կարճ ժամանակ անց Իբրահիմովը Ֆեյսբուքից հեռացրել էր գրառումը պատասխանատվությունից խուսափելու նպատակով։ Այնուամենայնիվ, արձանագրելով ըստ էության հայերին ցեղասպանելու հորդորը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես էր եկել հայտարարությամբ. «Վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բազմաթիվ բողոքներ է ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ: Այդ բողոքների մեծ մասն այս պահին ՈՒԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեի քննության առարկա է: Ադրբեջանական ֆուտբոլի ներկայացուցիչների ռազմականացված և քաղաքականացված դատապարտելի կեցվածքն ի ցույց է դրվում շուրջ մեկ ամիս, սակայն այն, ինչ այսօր տարածվեց համացանցում, զարհուրելի է և ոտնահարում է քաղաքակրթական և բարոյական բոլոր չափանիշները:

«Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը սոցցանցերից մեկի իր պաշտոնական էջում կատարել էր գրառում, որտեղ բառացիորեն կոչ էր անում սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման: Նա նաև արդարացնում էր Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու փաստը: Իբրահիմովն արդեն հասցրել է ջնջել գրառումը, սակայն, բնականաբար, հարյուրավոր օգտատերեր հասցրել են տեսնել այն և պահպանել: Դժվար է բառերով նկարագրել ադրբեջանական ակումբի ներկայացուցչի արարքը: Սա Ադրբեջանի ֆուտբոլային չինովնիկների՝ «սովորական» դարձած գրառումների շարքից չէ, որոնցից հետո ՀՖՖ-ն պահանջել է չռազմականացնել և չքաղաքականացնել ֆուտբոլը։ Սա մարդասպան կեցվածքի, ազգային հիմքով բռնության դաժան քարոզի, փաստացի նոր ցեղասպանություն իրականացնելու կոչ է մի ակումբի ներկայացուցչի կողմից, որը հանդես է գալիս ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: ՈՒԵՖԱ-ն այն կառույցն է, որը մշտապես հետևում է ֆուտբոլը չքաղաքականացնելու, ֆուտբոլային ընտանիքի անդամների շրջանում այլատյացությունը բացառելու և համերաշխություն հաստատելու քաղաքականությանը:

Նուրլան Իբրահիմովի անհանդուրժելի քայլը պետք է արժանանա համարժեք վերաբերմունքի ՈՒԵՖԱ-ի կողմից։ Այլ մոտեցումը կնշանակի, որ միջազգային ֆուտբոլային հանդիպումներից առաջ տարածվող ընդունելի կարգախոսները ձևական բնույթ են կրում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համապատասխան բողոք է հղել ՈՒԵՖԱ՝ պահանջելով խստագույնս պատժել ինչպես վերոնշյալ աշխատակցին, այնպես էլ ադրբեջանական ակումբին՝ ընդհուպ մինչև եվրագավաթներից հեռացումը։ Ատելության խոսքը, բռնության կոչերը, այլատյացությունը պետք է արմատախիլ արվեն ֆուտբոլից՝ հավատարիմ մնալով եվրոպական ֆուտբոլային ընտանիքում ընդունված արժեքներին»։

Հայկական ֆուտբոլային գերատեսչության պաշտոնական բողոքը, կարելի է ասել, փաստի առաջ է կանգնեցրել ՈՒԵՖԱ-ին։ Վերջինս ուղղակի պարտավոր է համարժեք գնահատական տալ տեղի ունեցածին։ Դժվար է մտաբերել գեթ մեկ դեպք, երբ ֆուտբոլային ակումբի պաշտոնական ներկայացուցիչը մարդկանց սպանելու և բնաջնջելու կոչ անի։ Պետք է արձանագրենք, որ Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունից «Ղարաբաղին» դուրս թողնելը ամենամեղմ պատիժը կարող է լինել։ Նախադեպը չունեցող այս արարքից հետո «Ղարաբաղը» պետք է զրկվի ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից։

Արձանագրենք նաև, որ որակազրկումից բացի՝ այլ պատժամիջոցի կիրառումը կնշանակի, որ ՈՒԵՖԱ-ն անուղղակի կերպով խրախուսում է ֆուտբոլը քաղաքականացնելու, մարզաձևը ռազմաքաղաքական նպատակներով օգտագործելու, ինչպես նաև խաղաղ բնակչության սպանդ իրականացնելու ադրբեջանցիների մղումները։

Հիմք ընդունելով ՀՖՖ-ի ներկայացրած բողոքը՝ հոկտեմբերի 22-ին ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն նկատողություն էր տվել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին։ Մասնավորապես, այս թիմի ֆուտբոլիստներն ու աշխատակիցները ռազմական ողջույնով էին հանդես եկել Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլի Վարշավայի «Լեգիայի» դեմ խաղից առաջ։ Այս արարքը եվրոպական ֆուտբոլային գերատեսչության կողմից որակվել էր որպես քաղաքական քայլ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։ Նկատողություն են ստացել ակումբի 13 ֆուտբոլիստ ու 14 ներկայացուցիչ։