Չարենցավանում 17 վայրկյանում Tellcell-ի տերմինալ են գողացել

Չարենցավանում վերջին շրջանում ուշագրավ գողություններ են կատարվում։ Կազմակերպված խմբերով մտնում ու տարբեր տարածքներից հաշված վայրկյանների ընթացքում տանում են Tellcell-ի տերմինալը, դրանց միջից հանում են փողը, իսկ ապարատը ոչնչացնում։ Ու ոստիկանությունը չի կարողանում դրա դեմն առնել, դեռևս չկան ձերբակալվածներ, չգիտեն՝ ովքեր են այդ խմբերը, բայց ասացին՝ կասկածներ արդեն ունեն։

Օրինակ՝ 4-5 օր առաջ անհայտ անձինք ընդամենը 17 վայրկյանի ընթացքում հաջողեցրել են գողանալ Չարենցավանի «Արդշինբանկում» տեղակայված Tellcell-ի տերմինալը։ Պարզապես երկու կամ երեք հոգով ձեռքով վերցրել են այն, դուրս հանել, դրել մեքենան ու հեռացել։ Ոստիկանությունը դրանից հաշված վայրկյաններ անց տեղ է հասել, բայց արդեն ուշ է եղել։ Ավելի ուշ սարքը հայտնաբերել են Չարենցավանից դուրս՝ հարևան գյուղ տանող ճանապարհին, այրված, ճամփեզրին գցած։ Գողերը մեջը եղած փողը հանել են, տերմինալն այրել, որ հետքերը վերացնեն ու հեռացել։ Ոստիկանությունը դեռ փնտրում է նրանց։

Սա Չարենցավանում Tellcell-ի տերմինալ գողանալու միակ դեպքը չէ։ Մի քանի ամիս առաջ ևս երկու նմանատիպ գողություն է տեղի ունեցել, մեկը՝ Չարենցավանի «Ռոստելեկոմի» գրասենյակից, մյուսը՝ խանութներից մեկից։ Դարձյալ հաշված վայրկյանների ընթացքում վերցրել են տերմինալն ու անհետացել։ Այս դեպքերը ևս չեն բացահայտվել։ 

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արթուր Իսկանդարյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ նախորդ երկու դեպքերի հետ կապված աշխատանքներ տարվում են, որոշ անձանց շրջանակ արդեն պարզվել է, իսկ վերջին դեպքում այս պահին դեռ որևէ բան չի կարող ասել։

«Վերջին դեպքով կարող եմ միայն ասել, որ ապահովված չէ անվտանգության համակարգերով, կոպիտ ասած՝ ով ուզեր, կարող էր մտնել տանել, տերմինալը ամրացրած չէր գետնին, ընդամենը դրած էր, մնում էր՝ վերցնել տանել։ Ոստիկանության խումբը հասել է 30 վայրկյան հետո, բայց 30 վայրկյանում չեն հասցրել՝ շատ արագ են գործել։ Այս պահին աշխատանքներ տարվում են այդ դեպքի հետ կապված, բայց դեռ ինչ-որ բան չկա։ Մյուս դեպքերով աշխատանքներ տարվում են, տեսնենք՝ ինչ արդյունքի կհասնենք»,-ասաց Արթուր Իսկանդարյանը։

Հարցին՝ այդ շրջանակը Չարենցավանի՞ց է, թե՞ դրսից է, մեր զրուցակիցն ասաց՝ դրսից է, կազմակերպված խմբեր են։ «Շատ խմբեր կան, վերջին ժամանակահատվածում տերմինալների հետ կապված կարելի է ասել՝ ով քնից զարթնում է, խումբ է կազմում ու սկսում տերմինալ տանել, որ ասեմ մի խումբ է, երկու խումբ է՝ չէ»,-ասաց Իսկանդարյանը։