Պատերազմը փլուզեց հետխորհրդային պատկերացումների ամբողջ համակարգը

Արցախյան նոր պատերազմը իր վերջնարդյունքից դեռևս հեռու, բայց արդեն իսկ հիմնավորապես փոխել է թե՛ տարածաշրջանը, թե՛ թերևս նաև մեզ բոլորիս: Որովհետև փոխել է այն տեսադաշտը, որով մենք գնահատել ենք մեզ շրջապատող աշխարհը, որով գնահատել ենք միջազգային հարաբերությունները, որով գնահատել ենք միջազգային իրողություններն ու դրանց հիման վրա կայացրել ենք որոշումներ, ձևավորել ենք ներքին ու արտաքին քաղաքականություն, ձևավորել ենք ներքաղաքական դիսկուրսներ, բանավեճեր և այլն: Այս պատերազմն ի ցույց է դրել մեր պետական-քաղաքական համընդհանուր անհամարժեքությունն այն աշխարհին, որում ապրում ենք, և որտեղ պետք է ապրենք:

Խոսքն, իհարկե, քաղաքական աշխարհի մասին է, որը, սակայն, շոշափում է, իհարկե, մարդկային կենսագործունեության ամենատարբեր ոլորտներ: Արցախյան այս պատերազմը փլուզել է մեր պատկերացումները և պարտադրել կառուցել նորը, լինել մեզ շրջապատող աշխարհին ավելի համարժեք:

Ո՛չ, չնեղանալ, չկռվել աշխարհի հետ, չպահանջել աշխարհից կռվել մեր փոխարեն: Պարզապես վերագնահատել այն, ինչի հետ գործ ունենք, ավելի լավ ճանաչել նրանց, ում հետ գործ ունենք՝ կողմնացույցի բոլոր չորս ուղղություններով: Մենք պետք է աշխատենք բոլոր չորս ուղղություններով, բայց արդեն այնպես, որ այլևս որևէ հաջորդ մարտահրավեր, անվտանգային հաջորդ քննություն մեզ չստիպի վերստին քանդել մեր պատկերացումներն ու ստիպված կառուցել նորերը:

Վերագնահատելով և վերարժևորելով քաղաքական աշխարհը իր բազում շերտերով՝ մենք նաև գալու ենք այդ աշխարհի հետ հարաբերակցության մեջ մեր ներքին կյանքը և ներքին վարքաբանությունը, մեր ներքին խնդիրներին մեր մոտեցումները վերանայելու, վերարժևորելու, վերակառուցելու հրամայականին: Այդ վերարժևորումների անհրաժեշտությունը կա նաև սփյուռքում, ինչպես որ կա սփյուռքի հանդեպ էլ մեր գնահատականներն ու պատկերացումները ժամանակակից քաղաքական աշխարհին համարժեք դարձնելու հրամայական:

Եվ եթե այսօր մեր բոլորի համապետական, համազգային, հավաքական ջանքը պահանջում է ամենայն ռեսուրսով նվիրվել և աջակցել մեկ գործի՝ Հայաստան-Արցախի պաշտպանությանը, ապա դրան զուգահեռ՝ յուրաքանչյուրիս նաև անհատական գործերից մեկը՝ հատկապես թիկունքում գտնվողների, պետք է լինի այդ վերարժևորումները, վերագնահատումները մեր ներսում անելը, որպեսզի պատերազմի հաղթանակից հետո մենք պատրաստ լինենք արդեն այդ գործին հավաքականորեն ձեռնամուխ լինելուն: