Պատերազմում անհայտ կորածի հարազատներից գումար է պահանջել՝ ներկայանալով ԱԱԾ աշխատակից. ԱԱԾ-ի բացահայտումը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակիչ, նախկինում մի քանի անգամ խարդախություններ կատարելու համար դատապարտված Հ. Բ.-ն, տեղեկանալով, որ զինծառայող Հ. Մ.-ն, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ, Հ. Մ.-ի ազգական Ա. Մ.-ին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ նրան ներկայացել է որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ եւ պատրաստակամություն հայտնել ի պաշտոնե զբաղվել անհայտ կորած զինծառայողի որոնողական աշխատանքներով:

Իրագործելով իր հանցավոր մտադրությունը՝ Հ. Բ.-ն 2020 թվականի հոկտեմբերի 28-ին ճանապարհածախսի պատրվակով Ա. Մ.-ից նախ պահանջել եւ ստացել է 100 հազար ՀՀ դրամ, այնուհետեւ, վերջինիս գիտակցության ու կամքի վրա ներգործելու, մոլորության մեջ գցելու եղանակով իր հանցավոր մտադրությունն իրագործելու մղումներից ելնելով, 2020 թվականի նոյեմբերի 1-ին Ա. Մ.-ին հայտնել է, թե իբր զինծառայող Հ. Մ.-ն գերության մեջ գտնվում է Ադրբեջանի Հանրապետության Գաբալա քաղաքում, որտեղ պահում են հայ ռազմագերիներին եւ պատրաստվում են վերջինիս տեղափոխել քաղաք Բաքու: Դա կանխելու եւ Հ. Մ.-ին Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների միջոցով այլ երկրների տարածքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելը կազմակերպելու համար Հ. Բ.-ն մաս-մաս վճարելու պայմանով պահանջել է եւս 3 հազար ԱՄՆ դոլար, սակայն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում Ա. Մ.-ի կողմից 1.000 ԱՄՆ դոլարն ստանալուց անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից՝ չկարողանալով իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին հասցնել:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք ստանալու պատրվակով խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով Հ. Բ.-ն ձերբակալվել է:

Ըստ նախնական տվյալների Հ. Բ.-ի նմանօրինակ վարքագծի արդյունքում տուժել են նաեւ այլ քաղաքացիներ, ձեռնարկվում են ակտիվ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ տուժած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, հանցավոր սխեմայում ներգրավված անձանց գործողություններն անհատականացնելու եւ տուժողներին պատճառված նյութական վնասը վերականգնելու ուղղությամբ:

Միեւնույն ժամանակ հորդորում ենք բոլոր քաղաքացիներին, ովքեր տուժել են այս եւ նմանատիպ հանցավոր գործողություններից, դիմել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ 015 58 90 96 հեռախոսահամարով:

Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է, ստեղծված իրավիճակով պայմանավորված, ցուցաբերել զգոնություն, զերծ մնալ տարատեսակ կասկածելի գործարքների առաջարկներից եւ հիմք ընդունել բացառապես իրավասու պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվությունը։