Պուտինը շոշափո՞ւմ է Արցախի ճանաչման հեռանկար

ՌԴ նախագահ Պուտինը պատերազմի ընթացքում արդեն երկրորդ անգամ է հիշատակում արցախյան հակամարտության էթնիկ պատճառը՝ հակամարտությունը սկսել է էթնիկ անհանդուրժողության հողի, էթնիկ զտման փորձի վրա, որ կատարվել է Սումգայիթում հայերի հանդեպ, հետո տեղափոխվել արցախահայության դեմ: Նախօրեին անդրադարձում, սակայն, Պուտինը կատարեց նաև, այսպես ասած, մեկ քայլ առաջ:

Մասնավորապես, նա հայտարարեց, որ «պաշտպանվելու համար հայերը վերցրին զենք՝ դուր գա դա որևէ մեկին, թե ոչ»: Այսինքն՝ Պուտինն արձանագրում է, որ Արցախի պաշտպանության մեխանիզմը զենքն է, չկա այլ մեխանիզմ: Ըստ այդմ՝ եթե խոսքը վերաբերում է անվտանգային երաշխիքին, ապա այն պետք է լինի զենքին համարժեք:

Ամբողջ հարցն այն է սակայն, թե ՌԴ նախագահն ինքն ինչ պատկերացում ունի այդ մեխանիզմի ծավալման վերաբերյալ: Եթե նա խոսում է այդ մասին, որպեսզի գա ռուս խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության, ապա դա կնշանակի, որ Պուտինն ընդամենը զբաղված է ձեռնածությամբ: Եթե նա խոսում է «անջատում հանուն փրկության» տրամաբանությանը հանգելու համար, ապա այդ տրամաբանության շրջանակում անգամ հնարավոր է քննարկել թեկուզ ռուս խաղաղապահների հարցը, բայց «անջատման» տրամաբանության համատեքստում: Ըստ այդմ՝ ՌԴ նախագահը դիտարկո՞ւմ է Արցախի ինքնորոշման ճանաչման հարցը, երբ խոսում է Արցախի ժողովրդի անվտանգության, հակամարտության ծագման էթնիկ պատճառի և անվտանգության հարցում զենքի անհրաժեշտության մասին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրեր առաջ խոսել էր Կոսովո-Սերբիա օրինակի մասին՝ ակնարկելով թերևս, որ իրադարձությունների որոշակի զարգացման ԱՄՆ դիտարկումներում տեղ ունի նաև այդ տարբերակը, այսինքն՝ ճանաչման տարբերակը: Իսկ տեղ ունի՞ այն Ռուսաստանի դիտարկումներում: Պուտինի հայտարարություններում նշմարվում են այդ տեղն ունենալու մասին թույլ ակնարկներ, որոնք, ընդ որում, կարող են պայմանավորված լինել նաև Վաշինգտոնից եկած ակնարկով: Եվ դրանք թերևս թույլ են սպասումով, թե արդյոք ինչպիսի՞ն կլինեն Վաշինգտոնի պահվածքն ու հռետորաբանությունը նոյեմբերի 3-ից հետո, երբ պարզ կլինի նախագահի ընտրության արդյունքը:

Պուտինը չի կարող իրեն թույլ տալ ճանաչման հարցում հետ մնալ Վաշինգտոնից: