Ռուսաստանը հանգստացնում է Ադրբեջանին

1in.am-ը գրում է՝

«Մենք չենք տեսնում այդ հայտարարությունը խմբագրելու, վերանայելու որևէ փորձ: Ամեն ինչ անելու ենք, որ այդ փորձերը տեղի չունենան, հաջողությամբ չպսակվեն», հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ո՞ւմ է ուղղված Սերգեյ Լավրովի խոսքն ու ինչ համատեքստն է այն պարունակում: Բանն այն է, որ այստեղ առնվազն հնարավոր է դիտարկել երկու հարթություն: Մեկը Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների՝ ԱՄՆ ու Ֆրանսիայի հարթությունն է, որոնք հայտարարում են, որ Ռուսաստանից ակնկալում են մանրամասն հավելյալ պարզաբանումներ եռակողմ համաձայնագրի առնչությամբ, իսկ մյուսը Հայաստանի ներքին դաշտն է, որտեղ ընդդիմությունը վիճարկում է համաձայնագիրը, պահանջում այն ստորագրած իշխանության հրաժարական և հայտարարում, որ կա ինչ-որ բան փոխելու շանս:

Այդպիսով, երկու այդ հարթությունից ո՞ւր, որ մեկին է ուղղված Լավրովի խոսքը, որ չեն տեսնում հայտարարությունը վերանայելու փորձ և ամեն ինչ անելու են, որ դա տեղի չունենա: Դա ՌԴ մտավախությունն է, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կարող են անե՞լ այդպիսի փորձ, թե՞ Լավրովը խոսում է Հայաստանի ընդդիմադիր ուժերի մասին, փաստորեն նրանց ակնարկելով, որ Ռուսաստանը թույլ չի տա դիպչել համաձայնագրին:

Հիշենք, մի քանի օր առաջ Լավրովը հայտարարել էր, որ հայաստանյան ընդդիմությունը շահարկում է համաձայնագիրը: Իհարկե, ՌԴ արտգործնախարարի հայտարարությունները միարժեք լինել չեն կարող՝ հաշվի առնելով այն, որ թե՛ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների, թե՛ Հայաստանի ներքաղաքական դաշտում իրողությունները և թե՛ ընդհանուր իրավիճակը բավականին նուրբ և բազմաշերտ է: Տվյալ պարագայում Ռուսաստանը խաղում է փաստորեն երկու կամ երեք ուղղությամբ:

Համաձայնագրի կապակցությամբ՝ Թուրքիայի և Բաքվի հետ, և նաև այլ շերտերով՝ ԱՄՆ ու Ֆրանսիայի, և երրորդ՝ Հայաստանի իշխանության ու, թերևս, ընդդիմության հետ: Իրավիճակը պարտադրում է բազմավեկտոր խաղ, և այստեղ գործնականում կասկած չկա, որ բազմազան շերտերի պարագայում համաձայնագրի որոշակի փոփոխությունը լինելու է աներկբա: Ռուսաստանի համար խնդիրն այս փուլում թերևս այն է, որ առավելագույնս ամրապնդված չէ համաձայնագրով թելադրվող իրավիճակը: Առավել ևս որ Ադրբեջանում արդեն իսկ դժգոհություններ են նշմարվում՝ կապված այն բանի հետո, որ Ռուսաստանը բավականին մեծ ծավալի զինուժ ու ռազմատեխնիկա է տեղափոխում Արցախ:

Համաձայնագրի անփոփոխության մասին ՌԴ արտգործնախարարի հայտարարությունները թերևս միտված են Ադրբեջանում ավելորդ աղմուկ թույլ չտալուն, մինչ համաձայնագրով նախատեսված գլխավոր խնդրի՝ խաղաղապահ առաքելության ամբողջական ծավալումն ու ամրապնդումը, որից հետո, թերևս, Ռուսաստանն ինքը իրողությունները կփորձի տեղափոխել այլ հարթություն: