Տարօրինակ և անհասկանալի իրավիճակ Արցախում ու Հայաստանում

Արցախում լայն թափով շարունակում է ծավալվել ռուսական խաղաղապահ առաքելությունը, այդ թվում՝ մարդասիրական հարակից բաղադրիչով: Միաժամանակ, լայն թափով շարունակվում է նաև անորոշությունը՝ կապված, մասնավորապես, նոր ստատուս-քվոյի և սահմանների հետ: Արդեն իսկ տարօրինակ իրավիճակների մասին ահազանգեր են հնչել Մարտունու շրջանի Վազգենաշեն և Բերդաշեն գյուղերից: Համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես է Վազգենաշենում հայ ընտանիքը վերջին պահին լքում գյուղը ադրբեջանցի զինվորների ծաղրական մեկնաբանությունների ներքո: Այդ ամենը տեսանկարահանել ու համացանց են գցել հենց ադրբեջանցի զինվորները:

Ավելի ուշ հայկական սոցցանցերում տարածվեց գրառում, որ Վազգենաշենի գյուղապետն ու բնակիչները մինչև վերջին պահը փորձել են հասկանալ՝ ի վերջո, իրենց գյուղը, այսպես ասած, ադրբեջանական ենթակայության անցնող բնակավայրերի՞ց է, թե՞ ոչ, սակայն այդպես էլ չեն կարողացել պարզել և ժամանակին կազմակերպել էվակուացիայի գործը: Ժամեր առաջ էլ համացանցում տեղեկություն հայտնվեց Բերդաշենից, դարձյալ Մարտունու շրջանից:

Բնակիչները նշում էին, որ ադրբեջանցի զինվորականները եկել են, պահանջում են հանձնել նռնենիների այգիները: Ինչ է կատարվում երկու զուգահեռի՝ Արցախում ռուսական խաղաղապահ մանդատի ծավալման լայն ու թափ ունեցող գործընթացի և Արցախի նոր սահմանների անորոշության տիրույթում: Ովքե՞ր են ապահովելու նոր սահմանները, նոր սահմանագծին հայտնվող գյուղերի բնակիչների անվտանգությունը: Ինչպե՞ս են այդ բնակավայրերը առանց որևէ արգելքի հասանելի դառնում ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներին: Ովքե՞ր են այդ հարցում պատասխանատուները՝ Հայաստանի՞ իշխանությունը, Արցախի՞ իշխանությունը, թե՞ ռուս խաղաղապահները: Իսկ գուցե այդ անորոշությունն ու անպատասխանատվությունը հենց նրա համար է, որ ռուս խաղաղապահ առաքելությունը ստանա լրացուցիչ մանդատի հնարավորություն կամ, այսպես ասած, լեգիտիմ հիմք: Եթե հարցն այդ տիրույթում է, ապա պետք է լուծում ստանա թեկուզ այդպես, բայց ստանա լուծում:

Հակառակ պարագայում, անորոշությունը ոչ միայն նպաստում է մարդկանց բարոյալքմանը՝ առանց այդ էլ ծանրագույն բարոյահոգեբանական պայմաններում, այլ անպաշտպանության զգացումին և Արցախի թեկուզ մնացյալ հատվածում կյանքը վերականգնելու խնդիրները լուծելուն: Կյանքը կարող է վերականգնվել, եթե վերականգնվի մարդկանց անվտանգության զգացումը: Բայց, ինչպես երևում է, կա խնդիր ընդհանրապես հայկական պետականության կառավարման մեխանիզմը վերականգնելու հարցում՝ Հայաստանը և Արցախը ներառյալ: Երևանում նախօրեին հանդիպել են Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը: Պետք է հասկանալ՝ այդ պաշտոնները ներկայումս դե ֆակտո համապատասխանո՞ւմ են դե յուրե կարգավիճակից բխող լիազորություններին, իրավասություններին և պարտականություններին, թե՞ ոչ: