Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են Բեյրութում հզոր պայթյունի բեկորները պատարագի ժամանակ ընկնում խորանի վրա (Բացառիկ տեսանյութ)

Al Arabiya պարբերականը հրապարակել է տեսանյութ, որն արվել է նախօրեին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում հզոր պայթյունի ժամանակ ու ցույց է տալիս՝ ինչպես են պայթյունից առաջացած բեկորներն ընկնում եկեղեցու խորանի մոտ, որտեղ կանգնած քահանան պատարագ է անցկացնում:

Ստորև ներկայացված կադրերում երևում է, որ հոգևորականը սկզբում չի հասկանում՝ ինչ է կատարվում, ապա վայրկյաններ անց նա արագ մի կողմ է վազում, որտեսզի հարվածի տակ չընկնի:

Նշվում է, որ եկեղեցում գտնվող անձանց ճակատագրի վերաբերյալ տեղեկություն չկա:

Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից: Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են, հայտնում է Լիբանանում Կարմիր խաչի գրասենյակը: Զոհերից 6-ը հայ են:

Պայթյունի հարվածային ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մայրաքաղաքի որևէ հատված ավերածությունից զերծ չի մնացել, անգամ հարևան Հորդանանում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել:

Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:

Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:

«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:

Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:

«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում: