Փաշինյանը պատրաստվում է հեռուստաուղերձի. Լևոն 2, թե՞…

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որի շրջանակներում նշել էր, որ առաջիկա մեկուկես ժամվա ընթացքում հանդես է գալու  հեռուստաուղերձով:

Այդ գրառումը շատերին հիշեցրեց 90-ականների իրավիճակը, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին:

Ինչո՞վ է Փաշինյանի դրությունը նման Լևոն Տեր-Պետրոսյանինին:

Այն ժամանակ առաջին նախագահի հրաժարականը կարծես թե պահանջել էին ուժային կառույցների ներկայացուցիչները: Պատճառը՝ Արցախի թեման էր:

Այժմ, երբ պատերազմը ավարտվել է, մի շարք ներկա և նախկին զինվորականներ հանդես են գալիս հայտարարություններով, որոնցով փաստացի ջախջախում են Փաշինյանի և իր իշխանության՝ պատերազմի ընթացքում առաջ քաշած բոլոր թեզերը և պատմությունները:

Այժմ, խնդիրը ավելի մեծ է: Արցախի զգալի մասը կորսված է, թշնամին մոտեցել է սահմաններին, ադրբեջանցի զինվորները Սոթքում են, Ադրբեջանի նախագահը ծաղրում է ՀՀ ղեկավարին, սպասվում են լուրջ տնտեսական ցնցումներ և բացառված չէ՝ շատ խորը ճգնաժամ:

Հանրության մեջ ՀՀ վարչապետը չունի այլևս վստահություն, չունի նաև վստահություն միջազգային հարաբերություններում: Այստեղ ելքը մեկն է՝ հրաժարական: Խնդիրը ժամկետներն են: Հնարավոր է, որ այսօր վարչապետը հրաժարական տա՝ այո, հնարավոր է արդյոք, որ կրկին խոսի ապագա անելիքների մասին՝ դա նույնպես հնարավոր է: Փաշինյանը անկանխատեսելի գործիչ է և ստեղծված իրավիճակում հնարավոր է ցանկացած սցենար: