Փաշինյանն այլևս «կինոյի տղեն» չէ

ԱԺ արտահերթ ընտրություններից ոչ լրիվ երկու տարի անց, սակայն, պարզվեց, որ Հայաստանում հեղափոխության փոխարեն տեղի է ունեցել միանգամայն այլ բան, որ բացարձակապես կապ չունի մեր ժողովրդի ոչ ներկայի և ոչ էլ ապագայի հետ: Թե ինչո՞ւ այսպես եղավ՝ պատճառը մեկն է:

Փաշինյանը ստել էր՝ հայտարարելով, որ «թավշյա, ոչ բռնի ժողովրդական» հեղափոխությունը զուտ հայկական երևույթ է: Եվ այդ լավ մտածված սուտն էր այն մագնիսը, որ դեպի «հեղափոխությունը» տարավ տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք նույնիսկ չէին էլ կասկածում, որ «հաղթանակից» ընդամենը ամիսներ անց արթնանալու են «գունավոր տնաքանդության» թակարդում:

Ինչո՞ւ Փաշինյանի մոտ չստացվեց: Այս հարցադրումը, ճիշտը որ ասեմ, ինձ դուր չի գալիս: Ամբողջական չէ: Հարցը պետք է այսպես դնել՝ ինչո՞ւ ձախողվեց Հայաստանն այլ աշխարհաքաղաքական ուղեծիր դուրս բերելու արևմտյան պլանը: Եթե հիշում եք՝ ամերիկյան դեսպաններն ու տարատեսակ էմիսարները միլիարդներ էին խոստանում, հավատացնում, որ պատրաստ են ամբողջական փաթեթով գնել Հայաստանի տնտեսությունն ու զարգացնել երկիրը: Բայց այդ նույն ամերիկացիները առաջիններից մեկը եղան, որ հասկացան իրենց բռնած գործի անհեռանկարայնությունը: Փաշինյանը տեղյա՞կ է «հայկական հեղափոխության» թեմայով ռուս-ամերիկյան երկկողմ բանակցությունների ներքին խոհանոցին: Հազիվ թե: Մինչդեռ բացառված չէ, որ հենց նշված ձևաչափի մեջ էլ գրվել է այնքան տարփողված «թավշյա, ոչ բռնի ժողովրդական» հեղափոխության վերջաբանը: Փաշինյանը կարող էր, իհարկե, ավելի շուտ գլխի ընկնել, թե ինչ է կատարվում իրականում: Երբ նրան Արևմուտքում չընդունեցին այնպես, ինչպես Սահակաշվիլիին և Պորոշենկոյին, երբ սկսեցին կոկորդիլոսի արցունքներ թափել, թե փող չունեն, Փաշինյանը պարտավոր էր հասկանալ, որ ինքն այլևս «կինոյի տղեն» չէ:

Իսկ գուցե հասկացե՞լ է… Գուցե, բայց դա եղել է ավելի ուշ, երբ նա արդեն հասցրել էր հարաբերությունները փչացնել դաշնակիցների հետ: Եվ Փաշինյանը հայտնվեց «օտար՝ յուրայինների մեջ և յուրային օտարների մեջ» հայտնի իրավիճակում: Հայաստանը որպես արտաքին քաղաքականության սուբյեկտ, դադարեց գոյություն ունենալ, իսկ երեկվա դաշնակիցներն էլ սկսեցին նվաստացնել ՀՀ իշխանություններին և գին գցել, ինչպես սովորաբար անում են թեթևաբարո կանանց հետ «բանակցելիս»: ՀՀ արտգործնախարարի երեկվա հայտարարությունը, թե ՀՀ-ն բացել է սահմանը Ռուսաստանի հետ, բայց Ռուսաստանն է այն փակ պահում, ասվածի ամենախոսուն ապացույցն է:

Բայց գանք մեր ոչխարներին: Հնարավոր է, որ Փաշինյանի հայտնած մեծ ստի մեջ, թե այս «հեղափոխությունը» զուտ հայկական երևույթ է, կա ճշմարտության որոշակի չափաբաժին: Այսինքն՝ չի բացառվում, որ սորոսական տականքից ու խաբված քաղաքացիներից բացի «հեղափոխությանն» աջակցել են նաև հայաստանյան քաղաքական շրջանակներ: Եթե սա հաստատվի ու մանավանդ պարզվի, որ հենց այդ շրջանակներն էին պետության ղեկին մինչև «ապրիլյան հեղափոխությունը», ապա դա կդառնա դարի մեծագույն սկանդալն այն իմաստով, որ Հայաստանում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, եթե ոչ «ինքնիշխանափոխություն՝ « գունավոր հեղափոխության ճանապարհով»: Դա պարզելն այսօր անլուծելի ռեբուս է թվում, բայց վաղը, երբ ՀՀ ապագա իշխանությունները որոշեն հասկանալ, օրինակ, ՀՀ ոստիկանության, անվտանգության մարմինների և բանակի առնձին զորամասի ծառայողների՝ 2018թ. մարտ-ապրիլ-մայիս ամիսների «հետաքրքիր» պահվածքը, հնարավոր է ունենանք շատ ավելի ցնցիչ բացահայտումներ, քան մարտի 1-ի կամ 2016թ. Ապրիլյան պատերազմի հետ կապված «բացահայտումներն» էին:

Արդյո՞ք Փաշինյանն այն իրավիճակում է հայտնվել, որ գուցե պետք է աջակցել կամ կարեկցել նրան: Ոչ բարեկամներ: Հայ ժողովրդի գլխին կոտրված ընկույզի միջուկը բաժին է ընկել մեկ մարդու և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է: Եվ, առհասարակ, հայրենիքի, հայրենական պատմության, գիր-գրականության, մշակույթի, հավատի, ազգային մնացյալ արժեքների հարցում բարդույթներ չունեցող և անսկզբունք մարդուն դժվար է խեղճացնել: Նա տենդագին ելքեր է փնտրում իր՝ բոլոր առումներով տապալված իշխանությունը երկարաձգելու համար: Թեկուզ և տապալված՝ այդ իշխանությունը նրան և նրա խամաճիկ թիմին բերում է փող և կյանքի վայելքներ, որոնց մասին նա երազել է դեռ «ընդդիմադիր գործչի խանձարուրից»:

Եթե պետք է մեկին կարեկցել ու խղճալ, ապա դա մեր ժողովուրդն է, որ այսօր հեծում է Փաշինյանի իշխանության և այդ իշխանությանը սատարող սորոսական հայազգի տականքի լծի տակ: Այդ համագործակցությունն է մեր երկրին ու ժողովրդին նետված այսօրվա ամենամեծ ու ամենաանհարմար մարտահրավերը: Քանի դեռ այն կախված կլինի Հայաստանի գլխին, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը կլինի վարչապետ, իսկ սորոսականները մեր տունը կքանդեն բոլոր հնարավոր միջոցներով, Հայաստանում չի լինի ոչ օրինականություն, ոչ միասնականություն, ոչ կյանքի բարելավում և ոչ էլ որևէ առաջընթաց արտաքին խնդիրների կարգավորման ուղղությամբ:

Այս մղձավանջին վերջ դնելու համար կա մի ճանապարհ: Դա Փաշինյանի հեռացումն է իշխանությունից: Ընդ որում՝ դա պետք է անել հիմա և մեր ուժերով, քանի դեռ նրան չեն փոխարինել դրսից: Հակառակ պարագայում մենք ունենալու ենք Փաշինյան-2 և սորոսականների նոր ու առավել սանձարձակ գործունեություն: Մենք պարտավոր ենք հետևել վրացիների օրինակին՝ քշել Սահակաշվիլուն (Փաշինյանին) և ընտրել նոր իշխանություն: 

Փաշինյանին պետք է հեռացնել նաև այն պատճառով, որ նա ձեռնամուխ է եղել իր իշխանությունը երկարաձգելու նոր արկածախնդրության: Իմ կարծիքով, օրինակ, նա պատրաստվում է երկրում անկարգություններ հրահրել «Սասնա ծռերի» օգնությամբ և այս անգամ այդ անկարգությունների փաստն օգտագործել իր աթոռից կառչած մնալու համար: Այլապես Փաշինյանի ինչի՞ն էին պետք այս ցցուն, թատերականացված դատական ֆարսն ու ճոխ-ճոխ պատժաժամկետների մասին հուժկու հայտարարությունները:

Դեռ կա՞ն միամիտ մարդիկ, որ կարծում են, թե Փաշինյանը, ոստիկանների սպանության փաստից հուզված,  արդարադատություն է հաստատում Հայաստանում:  

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։