Փաստաբանը պատմել է, թե ում կհասնի Ջիգարխանյանի ունեցվածքը

Փաստաբան Յանիս Յուքշան iReactor-ին տված հարցազրույցում պատմել է, թե ով կստանա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ունեցվածքը: Յուքշան նշել է, որ որքան հայտնի է մարդը, այնքան շատ են ժառանգության թեկնածուներ հայտնվում: Բայց օրենքներում հստակ նշված է, որ հիմնական ժառանգներ են համարվում ամուսինը, օրինական ամուսնությունից ծնված երեխաները և ծնողները:

Ջիգարխանյանը ամուսնալուծված էր դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից, ուստի նա չի կարող հավակնել դերասանի ժառանգությանը, չնայած կա հավանականություն, որ նա կմիջամտի դատական գործընթացին և կփորձի հետ բերել այն բաժնեմասը, որին նա հավակնում էր, երբ դերասանի կինն էր։

Ժառանգություն չի կարողանա պահանջել նաև խորթ որդին՝ Ստեփանը: Ինչ վերաբերում է մնացած ժառանգներին, նրանք կարող են հավասար բաժնեմասեր ստանալ:

Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի ծնողները վաղուց մահացած են: Վիտալինայից բաժանվելուց հետո նա այլևս չի ամուսնացել: Դուստրը՝ Ելենան, մահացել է շատ տարիներ առաջ՝ ողբերգական հանգամանքներում: Վերջին օրերին Արմենի կողքին է եղել նրա երկրորդ կինը՝ դերասանուհի Տատյանա Վլասովան։ Նա նույնպես կպայքարի դերասանի ժառանգության համար, ինչպես՝ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան:

իգարխանյանը նկարահանվել է ավելի քան 200 ֆիլմերում։ Նա նաև դասավանդում էր Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում։

86 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը։ Այս մասին հայտնել է նրա պաշտոնական ներկայացուցիչ եւ ընկեր Արթուր Սողոմոնյանը։ «Նա կյանքից հեռացել է այսօր՝ առավոտյան ժամը 6-ին»- ասել է Սողոմոնյանը։

Կինոյում դերասանը իր նորամուտը նշում է 1960 թվականին «Փլուզում» ֆիլմում Հակոբի դերակատարմամբ, իսկ հանրաճանաչություն Արմեն Ջիգարխանյանին բերեց նրա լավագույն դերակատարումներից մեկը՝ երիտասարդ գիտնական-ֆիզիկ Արտյոմ Մանվելյանի դերը Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմում։ Այս ֆիլմի ցուցադրումից որոշ ժամանակ անց հետևում են նոր հետաքրքիր առաջարկներ, որոնք ցուցադրում են դերասանի դերասանական հնարավորությունների լայն շրջանակը, հոգեբանական հավաստիությունը և վերամարմնավորման վարպետությունը. դարբին վարպետ Մուկուչը «Եռանկյունի»-ում, Լևոն Պողոսյանը «Երբ գալիս է սեպտեմբերը» դրամայում, շտաբս կապիտան Օվեչկինը Էդմոնդ Քեոսայանի հանրահայտ «Անորսալիների նոր արկածները» ֆիլմում, չեկիստ Արտուզովը «Տրեստ օպերացիան» հեռուստատեսային ֆիլմում, էսսեր Պռոշյանը «Հուլիսի վեցը» պատմական ֆիլմում, Միխայիլ Ստիշնոյը «Փոքրիկ կռունկ» ֆիլմում։ Բացասական կերպարի դերակատարումներից հանդիսատեսի մոտ առավել հիշարժան է «Սև կատու» ավազակախմբի կուզիկ պարագլուխ Կարպի դերակատարումը «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում։

Ընդհանուր առմամբ Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։