Փոխվարչապետը հերքում է Պուտինին, պատգամավորները՝ հաստատո՞ւմ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախօրեին «Ազատության» հետ զրույցում հայտնել է, որ Ադրբեջանը, բացի վերջին օրերից, ցույց չի տվել պատերազմը դադարեցնելու որևէ պատրաստակամություն: Տիգրան Ավինյանը բերել է հրադադարի մասին երեք պայմանավորվածությունների օրինակները՝ հոկտեմբերի 9, հոկտեմբերի 18, հոկտեմբերի 26: Հայաստանի փոխվարչապետն այդպիսով փաստորեն հերքում է ՌԴ նախագահին, որը նախօրեի հարցազրույցում բերել էր մեկ այլ ամսաթիվ՝ հոկտեմբերի 19՝ ասելով, թե այդ ժամանակ իր ջանքի շնորհիվ Ալիևը համաձայնել էր կանգնել, եթե Հայաստանի ղեկավարությունն էլ համաձայներ Շուշի փախստականների վերադարձի պայմանին: Ըստ Պուտինի՝ Շուշին այդ պարագայում մնում էր հայկական վերահսկողության տակ, այնտեղ լինելու էին ռուս խաղաղապահներ: Պուտինը, ինչպես հայտնի է, նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել՝ դա համարելով հայկական շահերի դեմ: Տիգրան Ավինյանը, սակայն, փաստորեն հայտարարում է, որ Ադրբեջանը չի եղել կրակը դադարեցնելու պատրաստ: Ուրեմն Պուտինը չափազանցո՞ւմ է:

Մյուս կողմից՝ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էլ իրենց հերթին դե ֆակտո հաստատում են, որ այդպիսի պատրաստակամություն եղել է, պարզապես Հայաստանը մերժել է, որովհետև նախ՝ եղել է Շուշին բացառապես հայկական պահելու հույս, և երկրորդ՝ որովհետև փախստականների վերադարձը նշանակելու էր ադրբեջանցի բնակչության գերակայություն: Այդ դեպքում Շուշիի քաղաքապետն ադրբեջանցի էր լինելու՝ հայտարարել է այսօր «Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանը:

Մեխանիկական իմաստով տրամաբանությունը հուշում է իհարկե այդպես, սակայն որքան էլ իհարկե հեշտ է հետին թվով գտնել բոլոր ճիշտ լուծումները, այդուհանդերձ ներկայիս պատկերի ֆոնին առավել, շատ առավել գերադասելի էր փախստականների վերադարձի տարբերակը, առավել ևս, որ դեռ պարզ չէ, թե ինչպես էր լինելու այդ վերադարձը: Իհարկե, այստեղ էլ կա հենց այն բացատրությունը, որ հնարավոր էր պահել անառիկ Շուշին և թույլ չտալ քաղաքի անգամ, այսպես ասած, քաղաքացիական ադրբեջանականացում: Նպատակը անկասկած ոչ միայն ազնիվ է, այլև կարևոր ու հայկական շահից բխող, և ինչպես նաև Պուտինն է ասում՝ վարչապետ Փաշինյանին չի կարելի մեղադրել դավաճանության համար: Հնարավոր է մեղադրել ճիշտ կամ սխալ որոշման, բայց ոչ դավաճանության համար:

Միևնույն ժամանակ, քաղաքական շրջանակների խաղարկումներից դուրս հայկական հանրության և պետության խնդիրը կատարվածի և որոշումների տրամաբանությունը հասկանալն է, ինչից էլ առաջանում են հարցերը: Որովհետև կարող էր չդավաճանել Փաշինյանը, բայց դավաճանեին նրան սխալ որոշումների բերողները, որովհետև ի վերջո նա չէր կարող միայնակ տիրապետել ռազմաճակատի ամբողջ պատկերին: Մյուս կողմից՝ կարող էին նույն կերպ պարզապես սխալվել մյուս բոլոր պաշտոնյաները, ոչ թե դավաճանել կամ ունենալ որևէ դիտավորություն: Բայց հանրությունն այդուհանդերձ պետք է հասկանա, թե ինչ է կատարվել՝ առնվազն հաջորդ որոշումներում առավելագույնս քիչ սխալվելու համար:

Ավելին, դա կարևոր է նաև քաղաքական ուժերի և քաղաքական իշխանության համար, գոնե սրանից հետո ստեղծել քաղաքական սխալների առավելագույնս նվազ հավանականությամբ միջավայր: Որովհետև նոյեմբերի 9-ի որոշումը ամենևին վերջինը չէ, որ կանգնած է հայկական պետականության թե՛ գործող, թե՛ ապագա իշխանության առաջ, երբ էլ այն ձևավորվի: