Փոքրիկը քիչ է մնացել՝ մահանա ադիբուդիի պատճառով. բժիշկներն զգուշացնում են

Կոլորադոյի բնակչուհի Նիկոլ Գոդարդը քիչ է մնացել՝ կորցնի մանկահասակ երեխային ադիբուդիի պատճառով: Նրա որդին ֆիլմ դիտելիս ադիբուդի է ուզել, քիչ անց նա սկսել է հազալ ու խեղդվել: Շուտով հազն անցել է, մայրը մտածել է, որ ադիբուդու հատիկը մնացել էր կոկորդում, և վտանգն այժմ անցած է, հատկապես որ երեխան իրեն սովորականի պես է պահել:

Սակայն հաջորդ օրը փոքրիկն սկսել է հազալ, մայրը մտածել է, թե դա հարբուխի հետևանք է: Եվս մեկ օր անց երեխայի ջերմությունն այնքան է բարձրացել, որ նրան տարել են հիվանդանոց: Ռենտգենը պարզել է, որ նրա թոքերում օտար մարմին կա՝ եգիպտացորենի հատիկ:

Երեխան ընդհանուր անզգայացմամբ 2 վիրահատություն է տարել, և նրա կյանքին այժմ վտանգ չի սպառնում: Սակայն նրա մայրը և բժիշկները ցանկանում են այս մասին տեղեկացնել ու զգուշացնել բոլոր ծնողներին:

Մինչև 5 տարեկան երեխաներին չի կարելի տալ ադիբուդի կամ այլ փշրվող ուտելիք, որը կարող է հայտնվել երեխաների թոքերում: Մեծահասակների կոկորդում կա հատուկ աճառ՝ մակկոկորդ, որը կուլ տալու ժամանակ փակում է նրա շնչափողը՝ կանխելով օդի հետ հեղուկի, սննդի կտորների ու այլնի ընկնելը շնչափող:

Այնինչ մինչև 5 տարեկան երեխաների մոտ մակկոկորդը դեռ ձևավորված չէ: Փոքրիկ երեխաներին խորհուրդ չի տրվում տալ ծծովի կոնֆետներ, գետնանուշ, ընկուզեղեն, հատիկներ, ամբողջական խաղող, հում գազար, խնձորի կտորներ, ադիբուդի, զեֆիր, ծամոն և այլն: Սրանց թվում են նաև մանր կտորներով խաղալիքները: Դրանք կարող են շնչահեղձության, անգամ մահվան պատճառ դառնալ: