Քաոսային վիճակ Բելառուսում. ցուցարարներին դաժանորն ծեծում են, կան անհետ կորածներ

Բելառուսում տիրող անմարդկային իրավիճակը հայտնվել է իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրության կենտրում: Նրանք դատապարտել են անմարդկային պայմանները, որոնցում պահվում են Բելառուսում ցույցերի ժամանակ կալանավորված հազարավոր մարդիկ, հաղորդում է Euronews-ը:

Նրանք մեղադրել են ոստիկանությանը ցուցարարներին ծեծի ենթարկելու համար՝ թե՛ ձերբակալություններից առաջ, թե՛ ձերբակալությունների ընթացքում և թե՛ հետո: Օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտություններից հետո, ըստ պաշտոնական տվյալների, ձերբակալվել է ավելի քան 6700 մարդ:

Երկրի նախագահի ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները շարունակում են բողոքի ցույցերը մայրաքաղաք Մինսկում և այլ քաղաքներում: Euronews-ի փոխանցմամբ՝ Մինսկում գտնվող մի կալանավայրի դիմաց բարձրաձայն  ընթերցում էին անհետ կորածների անունները հավաքվածների համար, ովքեր ոչ մի լուր չունեն իրենց հարազատներից:

Euronews-ի տեղեկություններով, Բելառուսի կալանավայրերում պայմանները սարսափելի են: Euronews-ն ունի մի տեսանյութ, որում հստակ երևում է, թե որքան կոպիտ են Մինսկի կալանավայրում անվտանգության աշխատակիցները վերաբերվում ցուցարարներին, անգամ ծեծի են ենթարկում նրանց: Սոցցանցերը ողողված են ցուցարարներին ֆիզիկական բռնությունների ենթարկելու մասին գրառումներով և լուսանկարներով:

Իրավապաշտպան կազմակերպությունները շարունակում են հետևել խախտումներին: «Բանտախցում, որը նախատեսված է 5-6 կալանավորի համար, կա 50-70 մարդ: Նրանք կանգնած են, չեն կարող նստել»,-ասում է «Վիասնա» մարդու իրավունքների կենտրոնի» իրավապաշտպան  Ալես Բելյացկին: «Ջուրը քիչ է: Նրանք ֆիզիկական բռնություն են ենթարկվում:  Բերման ենթարկելիս, ծեծում են, հետո շարունակում են ծեծել կալանավայրում, իսկ հետո էլ ազատելու պահին»,- ավելացնում է նա:

«Տղամարդկանց մերկացնում են՝ ընդհուպ մինչև կոշիկները: Հետո նրանց ստիպվում են քայլել միջանցքով՝ հագուստը ձեռքներին բռնած, հետո ծնկի գալ՝ դեմքով դեպի պատը: Եթե բողոքում են, ծեծի են ենթարկվում»,- պատմում է նա: Ըստ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության՝ Բելառուսից ստացվող տեղեկությունները վկայում են, որ այնտեղ «համատարած խոշտանգումներ են», հաղորդում է BBC–ին:

«Նախկին կալանավորները մեզ փոխանցել են, որ կալանավայրերը դարձել են խոշտանգումների վայրեր, որտեղ բողոքողներին ստիպում են պառկել կեղտի մեջ, իսկ ոստիկանները նրանց հարվածում են մահակներով»,- ասում է կազմակերպության տարածաշրջանային հարցերով տնօրեն Մարիե Ստրութերսը: