Ֆրանսիան բացեց Հադրութի ժողովրդի ճանապարհը․ Մանրամասներ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը ընդունել է Երեւանում դեսպանատների դիմաց ակցիա անող հադրութցիներին, որոնք տեղահանվել են պատերազմի հետեւանքով: Ջոնաթան Լաքոտը լսել է նրանց եւ ասել, որ Ֆրանսիան գիտե իրենց խնդիրը, բարձրաձայնում է այն, եւ բաց դուռ կապահովի նրանց խնդիրը լսելի դարձնելու համար:

Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ երկրի նախագահ Մակրոնը հանդիպում է ունենալու հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, եւ Ֆրանսիան ասել է, որ եռակողմ համաձայնագրում պետք է լինի Հայաստանի շահը:

Ավելի վաղ, Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ պետք է դրվի վերջին շաբաթներին Լեռնային Ղարաբաղում տեղահանված բնակչության վերադարձի խնդիրը:

Ֆրանսիան փաստացի բացում է Հադրութի ժողովրդի ճանապարհը դեպի միջազգային ասպարեզ, դե ֆակտո ստանձնելով այդ ասպարեզում նրանց խնդիրները համակարգողի կամ նրանց պայքարի մոդերատորի դեր: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ պետք է դրվի Արցախի կարգավիճակի հարցը: Դնել կարգավիճակի հարց, նշանակում է դնել Արցախի սահմանների հարց, ինչն էլ իր հերթին նշանակում է դնել Հադրութի հարց:

Ո՞վ կմիանա Ֆրանսիային այդ հարցում: Առաջին պատասխաններից մեկը պետք է լինի Հայաստանը, սակայն Հայաստանն այդ առումով պետք է լինի ոչ թե միացող, այլ ընդհանրապես բանակցային սեղանի պահանջատեր, որի համար Ֆրանսիան դառնում է թանկ գործընկեր:

Ֆրանսիային պետք է միանան այլ երկրներ, եւ դա է նաեւ լինելու հայկական դիվանագիտության առաջիկա գերխնդիրներից մեկը, որով պետք է զբաղվել:

Միաժամանակ, որքան է Ֆրանսիայի գործընկերության արժեքը եռակողմ համաձայնագրի մոդերատոր Ռուսաստանի համար: Ռուսաստանը մի կողմից պայմանավորվել է Թուրքիայի հետ, ստացել է Արցախ ռազմական մուտքի եւ հաստատման ռազմավարական հնարավորություն, առանձին համաձայնությամբ Թուրքիայի հետ պայմանավորվել է Ադրբեջանի տարածքում խաղաղապահ առաքելության մոնիտորինգի կենտրոն ստեղծելու մասին, բայց մյուս կողմից նաեւ խոսում է Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի մասին:

Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը ոչ ոք չի չեղարկել, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ռյաբկովը: