Ֆրանսիան նոր պատերազմի հո՞ղ է նախապատրաստում. Քաղաքական խանդ՝ անդառնալի հետևանքով

Երեկ ֆեյսբուքահայության ցնծության երեկոն էր: Ֆրանսիայի Սենատն Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձև ընդունեց: Բանաձևով օրենսդիրը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնել կայուն խաղաղության հաստատման համար։

Թվում է թե Ֆրանսիան ձեռք է մեկնել Հայաստանին, բայց իրականում այստեղ առկա են այլ քաղաքական գործընթացներ:

Քաղաքական խանդ

Ֆրանսիան որպես Արցախի խնդրի կարգավորման մեջ առկա պետություն չի համակերպվել այն իրողության հետ, որ ռուս խաղապահները գտնվում են Արցախում և փաստացի այդ հարցի օրակարգից վերջիններս դուրս են մնացել:

Ֆրանսիա-Թուրքիա հարաբերություններ

Ֆրանսիան խնդիրներ ունի Թուրքիայի հետ և այս իրավիճակում այդ բանաձևը ավելի շատ ուղղված է Թուրքիայի իշխանություններին, քան որպես բարեկամական քայլ Հայաստանին:

Ինքներդ ձեզ հարց տվեք, թե ինչու՞ այդ փաստաթուղթը, որը դեռ պետք է քննարկվի Ֆրանսիայի կառավարությունում ընդունվել է կապիտուլյացիայից երկու շաբաթ անց: Պատասխանը կարծում ենք հասկանալի է և պարզ:

Ֆրանսիան ցանկանում է կրկին մտնել պրոցեսի մեջ և իր հայտարարություններով և քայլերով շահում է հայերի մանդատը ունենալու հնարավորությունը:

Թուրքիայի դեմ ուղղված Ֆրանսիայի քայլերը էլ ավելի են սրում հայ-թուրքական հարաբերությունները: Բակային կռիվների լեզվով եթե խոսենք, ապա Ֆրանսիան փորձում է Հայաստանին դեմ տալով թուրքերին լուծել իր հարցերը: Այս իրավիճակում դա այդքան էլ լավ հետևանքների չի կարող հանգեցնել և դա հասկանալի է ցանկացածին, ով գիտակցում է տարածաշրջանային խնդիրներն ու քաղաքական ռելիեֆի փոփոխությունը: