Ֆրանսիան ու Արցախի կարգավիճակը. Փարիզը կանի՞ այդ համարձակ քայլը

Հայաստանի բարեկամ Ֆրանսիան մեր կողքին է՝ ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայից Հայաստանին մարդասիրական օգնության առաջին խմբաքանակի Երևան հասնելու առիթով: Ֆրանսիան կխաղա իր դերը՝ դեռևս պատերազմի առաջին օրերին հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ դիմելով հայությանը:

Մի քանի օր առաջ Ֆրանսիայի նախագահը մասնակցել էր նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարաթոնին, որ անցկացվել էր Ֆրանսիայում: Մակրոնն այդ շրջանակում հանդիպել էր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և վերահաստատել Ֆրանսիայի աջակցության պատրաստակամությունը:

Այդ ամենով հանդերձ՝ Փարիզը որոշակիորեն դուրս մնաց արցախյան պատերազմի դադարեցման գործընթացից և դրա արդյունքում ձևավորված ստատուս-քվոյից, ինչի մասին Ֆրանսիան իր դժգոհությունն արտահայտել է բավականին բաց: Թե՛ նախագահ Մակրոնը, թե՛ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտնել են, որ պարզաբանումներ են ակնկալում նոյեմբերի 9-ի համաձայնագրի կապակցությամբ և անհրաժեշտ են համարում, որ սահմանվի Արցախի կարգավիճակը:

Համաձայնագրի հովանին՝ Ռուսաստանը, ինչպես հայտնի է, հակված չէ կարգավիճակի շուրջ քննարկումների, և ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ ընդունում են եղած ստատուս-քվոն, իսկ կարգավիճակը հեռու ապագայի հարց է: Պատրա՞ստ է Ֆրանսիան մոտեցնել այն, ինչ այսօր շատ հեռվում է:

Հեռավոր Ֆրանսիայից Հայաստան ժամանած մարդասիրական օգնությունն իսկապես թանկ է, շատ թանկ ու կարևոր, բայց Հայաստանի համար, Արցախի համար, հայկական շահի համար ներկայումս ամենաթանկը հայկական սուբյեկտության վերադարձման խնդիրն է: Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ըստ էության Արցախի մասին չէ միայն, այլև Հայաստանի կարգավիճակի: Արցախի կարգավիճակի հարցը Հայաստանի կարգավիճակի հարց է, ու դա այն հարցն է, որտեղ և կարող է Ֆրանսիան խաղալ այն դերը, որի մասին հավաստիացրել էր Ֆրանսիայի նախագահը Արցախի դեմ պատերազմի առաջին օրերին:

Առաջիկա օրերին, մասնավորապես նոյեմբերի 25-ին, Ֆրանսիայի Սենատի դատին է հանձնվելու Արցախի ճանաչման մասին նախաձեռնություն: Այն չի ունենալու օրենքի ուժ, սակայն անկասկած կլինի իրավիճակի վրա բարոյական և քաղաքական ուժեղ ազդեցության քայլ, իրապես Ֆրանսիայի դերակատարման ընդգծված արտահայտություն, որը կարող է ստեղծել նոր իրավիճակ և դրա շնորհիվ իսկապես արտացոլել հայկական շահը, որի մասին նոյեմբերի 9-ից հետո ասել էր Ֆրանսիայի նախագահը: Պատրա՞ստ է Փարիզն այդպիսի քայլի, որն անշուշտ պահանջելու է քաղաքական համարձակություն, քանի որ նշանակելու է Ֆրանսիայի՝ Մինսկի խմբի համանախագահության միջնորդի կարգավիճակի վերանայում, առնվազն Բաքուն ու Անկարան անկասկած դնելու են այդ հարցը: Մյուս կողմից, սակայն, իսկ ինչի՞ համար է պետք է Ֆրանսիային այդ կարգավիճակը նոյեմբերի 9-ից հետո: