1 ամսում Թուրքիան Ադրբեջանին 101 մլն դոլարի պաշտպանական արտադրանք է վաճառել

2020թ. հոկտեմբեր ամսին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 101 մլն 209 հզ դոլարի պաշտպանական և ավիացիոն արտադրանք։ Սա այս ոլորտի արտադրանքի Ադրբեջան արտահանման այս տարվա նոր առավելագույն ծավալն է։ Նախորդ ամսին այն կազմում էր 77 մլն դոլար, օգոստոսին՝ 36 մլն, իսկ հուլիսին՝ ընդամենը 278 հզ։

Հոկտեմբեր ամսվա արտահանումների մասին զեկույցը հրապարակվել է Թուրքիայի արտահանողների խորհրդի պաշտոնական կայքում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանն օգտագործում է նաև թուրքական Kargu տեսակի մահապարտ ԱԹՍ-ներ, առնվազն 28 միավոր։ Թուրքական Diavn-i Harp Թելեգրամ-ալիքում հրապարակվել էին, ամենայն հավանականությամբ, հենց Ադրբեջանում արված թուրքական արտադրության մահապարտ KARGU 4-պտուտականի (կվադրոկոպտեր) ԱԹՍ-ների լուսանկարներ:

Kargu ԱԹՍ-ները Ադրբեջանում

Հավանական է, որ հոկտեմբեր ամսվա պաշտպանական արտադրանքի գնումների տարբերակներից մեկն այս ԱԹՍ-ները լինեն, սակայն սա միանշանակ պնդում չէ, շատ հնարավոր է, որ այլ գնումներ ևս եղել են:

Kargu մահապարտ ԱԹՍ-ներն առաջին անգամ ցուցադրվել են 2017 թ. մայիսին, իսկ նույն տարվա դեկտեմբերին ուսումնական նպատակներով տրվել են Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերին։ Սարքի վրա տեղադրված է լազերային հեռաչափ: Թռիչքի մաքսիմալ հեռավորությունը 5 կմ է, տևողությունը՝ մոտ 15–30 րոպե, առավելագույն արագությունը՝ 72 կմ/ժ, թռիչքի առաստաղը՝ 2.8 կմ, իսկ մարտական գործողության առաստաղը՝ 500մ։