9 տարօրինակ սնահավատություն հղիության մասին, որոնք իրականում այնքան էլ իմաստազուրկ չեն

Հղիությունն այն շրջանն է, երբ շրջապատը փորձում է պաշտպանել ապագա մայրիկին ամենաչնչին վտանգից անգամ։ Գործի են դրվում բոլոր միջոցները, նույնիսկ ամենաանհեթեթ սնահավատությունները, որոնց մեծ մասը սովորական մանիպուլյացիա են, սակայն մի մասն էլ հիմնված են փոքրիկի համար ենթագիտակցական վախի վրա։

Տարբեր ժողովուրդների մոտ տարածված սնահավատություններն ենք ներկայացնում հղիության վերաբերյալ, որոնցից մի մասին ամեն դեպքում արժե ուշադրություն դարձնել։

1. Ձուկ ուտել չի կարելի. երեխան ուշ կխոսի

Իրականում բոլոր ձկնատեսակներում, հատկապես գետում բազմացող ձկների մեջ մարդու համար վտանգավոր մակաբույծներ կան, և վարակի հետևանքները շատ ավելի լուրջ կարող են լինել, քան խոսքի հապաղումն է։ Սակայն եթե ձուկը ջերմամշակման է ենթարկվում կամ մինչև -20 սառեցման, ապա օգտագործել այն կարելի է և պետք է։ Բացառություն են կազմում այն տեսակները, որոնք մեծ խտությամբ սնդիկ են պարունակում՝ թունան, շնաձուկը, թրաձուկը, գայլաձուկը։ Այս ձկների օգտագործումը վտանգավոր կարող է լինել ինչպես հղիի, այնպես էլ կերակրող մոր ու երեխայի համար։

2. Չի կարելի աստիճանի տակով քայլել, երեխան թույլ կծնվի

Այս սնահավատությունը շատ տարածված է Արևմտյան Եվրոպայում։ Պատին հենած աստիճանը եռանկյունի է կազմում, իսկ դա Սուրբ Երրորդության խորհրդանիշն է։ Համարվում էր, որ սրա տակով անցնելով կինը քանդում է Երրորդությունը և այդպիսով դժբախտություն բերում իր վրա։ Այս սնահավատության հիմքը թերևս այն է եղել, որ պաշտպանեն կնոջը վտանգից, եթե հանկարծ աստիճանը շուռ գա։

3. Եթե տանը բացեք բոլոր լուսամուտները, ծննդաբերությունը հեշտ կընթանա

Եվ ոչ միայն լուսամուտները։ Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում բացում են ամեն բան, ինչ հնարավոր է՝ պատուհանները, պահարանների դռները, դարակները, զարդատուփերը, արկղերը։ Համարվում է, որ սա կօգնի արգանդի վզիկին հեշտ բացվել, ինչն, իհարկե, չի կարող իրականության հետ կապ ունենալ։

4. Եթե սպիտակ մթերքներ ուտեք, երեխան սպիտակամաշկ կծնվի

Չինաստանում, Հնդկաստանում և մի քանի այլ երկրներում, որտեղ սպիտակ մաշկը գեղեցկության չափանիշ է համարվում, հավատում են, որ երեխայի մաշկի վրա կարող է ազդել մոր կերած սպիտակ սնունդը։ Իհարկե, սա սխալ է, և երեխայի գույնը կապված է միայն գեների համադրման հետ։ Սնահավատության հիմքը երևի թե այն է, որ գունավոր մթերքը հաճախ ալերգիկ ռեակցիայի պատճառ է դառնում։

5. Չի կարելի գերեզմաններ գնալ, դա դժբախտության կբերի

Այս սնահավատությանը հետևում են շատ արաբական երկրներում, ինչպես նաև Իսրայելում, Արևելյան Եվրոպայում և Ֆիլիպիններում։ Այս անտրամաբանական արգելքի համար հիմք կարող էին հանդիսանալ ինչպես կրոնական սահմանափակումները, այնպես էլ հղի կնոջը գերեզմանի սթրեսից և գերեզմանը մաքրելու աշխատանքից հետ պահելը։

6. Ձվի կեղևը՝ վզի վրա

Ռուսական գյուղերում հղի կանայք հաճախ էին վզին դատարկ ձվի կեղև կախում։ Համարվում էր, որ եթե ձվի կեղևը չկոտրվի, ուրեմն՝ հղիությունն էլ հաջող կընթանա։ Այդպիսով ապագա մայրերին հետ էին պահում վտանգավոր ակտիվությունից։ Նրանց ավելի հեշտ էր համոզել անհանգստանալ ձվի կեղևի չկոտրվելու համար, քան սեփական փորի։

7. Չի կարելի կծու ուտել, երեխան առանց մազերի կծնվի

Այսպես են կարծում Թաիլանդում և Հարավարևելյան Ասիայի որոշ երկրներում։ Ռուսաստանում այլ պատճառով են վախենում կծուից, իբր երեխան աչքերի խնդիր կունենա։ Իրականում համեմունքներն այլ պատճառով շատ խորհուրդ չեն տրվում հղիներին։ Նախ՝ դրանք բացում են ախորժակը և նպաստում ավելորդ կիլոգրամներ հավաքելուն, երկրորդ՝ որոշ համեմունքներ դեղաբույսեր են։ Օրինակ՝ սխտորը հղիներին շատ օգտակար է, բայց մեծ քանակության դեպքում կարող է արգանդի կրճատում առաջացնել և ԱՍՏ լորձաթաղանթի բորբոքում։ Բացի այդ՝ կծու ուտելիքը շատ ջուր է խմեցնում, ինչը այտուցների է բերում։

8. Մինչև մազերդ չքանդես և բաց չթողնես, չես ծննդաբերի

Շատ մանկաբարձեր են մինչ օրս հավատում այս սնահավատությնաը։ Յոգերը, սակայն, դա յուրովի են բացատրում. արգանդը էներգետիկ կապ ունի բերանի և շրթունքների հետ, կապած մազերով դեմքը լարված է մնում, իսկ արգանդի բացվելու համար պետք է լիովին թուլանալ։

9. Պետք է ուտել այն ամենը, ինչ սիրտդ կուզի

Գանայում կարծում են, որ եթե մայրը չուտի սրտի ուզածը, երեխան ծուռ վզով կծնվի, Իտալիայում, Թուրքիայում, Հունաստանում և Եգիպտոսում վախեցնում են, թե երեխայի մարմնի վրա մեծ խալ կլինի, իսկ Հայաստանում ասում են, թե երեխան շիլ աչքով կծնվի։ Ժամանակակից բժշկությունը խորհուրդ է տալիս ավելի գիտակցված վերաբերվել սնունդին. ավելորդ կիլոգրամներն այնքան էլ լավ չեն։