gyumri

Շիրակի ձմեռն ու Գյումրու ցուրտն այս տարի զբոսաշրջիկներին չվախեցրին, հատկապես՝ մայրաքաղաքի բնակիչներին: Ամանորը Գյումրին դիմավորել է հյուրանոցների և հյուրատների 100 տոկոս զբաղվածությամբ:

Old-Gyumri

«Ամրագրումներն սկսվել են դեռ հոկտեմբերից, իսկ վերջին 3 տարիներին, կարելի է ասել, որ Գյումրին այլընտրանք է դարձել Դիլիջանին ու Ծաղկաձորին: Եթե նախկինում առանց վարանելու այդ ուղղություններն էին նախընտրում մայրաքաղաքի բնակիչները, հիմա գալիս են Գյումրի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «ՄարՄար տուր» զբոսաշրջային ընկերության տնօրեն Լիզա Գասպարյանը:

araks-hotel

Գյումրիում նոյեմբերի կեսերից սկսած՝ ազատ հյուրանոցային համարներ և չամրագրված հյուրատներ չեն եղել, բայց ասել, թե մարդիկ գոհ են մնացել Ամանորի տոներից, սխալ կլինի: Խնդիրը հատկապես կրճատված օրերին է վերաբերում: Նախկինում, եթե հյուրանոց ու հյուրատուն էին պատվիրում 6 օրվա համար և օգտվում առաջարկվող ամբողջական փաթեթից, այս տարի նման հնարավորություն չեն ունեցել: Բոլոր ամրագրումները եղել են եռօրյա, բացառությամբ՝ գյուղական բնակավայրերի հյուրատների: