Ադրբեջանցիները կրակել են հայ բանվորների վրա. Արցախի դատախազություն

Ասկերանի մոտ ադրբեջանցիները մարտական դիրքից կրակել են բանվորների վրա: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 5-ին` ժամը 12:00-ի սահմաններում, տեղեկացնում է Արցախի դատախազությունը։

arayik-harutyunyann

Ասկերանի մերձակայքում գտնվող «Օղտեն մաշկ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից խոշոր տրամաչափի գնդացրով մի քանի կրակահերթ է արձակվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գործող՝ «Ապագա սերունդների հիմնադրամ» ՍՊԸ-ի քարամշակման կետի բանվորներ Գ.Բ.-ի, Ա.Թ.-ի և Ա.Հ.-ի ուղղությամբ, որոնք տրակտորի վերանորոգման աշխատանքներ էին կատարում:

askeran

Կրակոցներից պաշտպանվելու նպատակով, մինչև ոստիկանության աշխատակիցների ժամանելը, բանվորները մոտ 2 ժամ ստիպված թաքնված են մնացել։ Այդ ընթացքում նրանք զանգել և դեպքի մասին իրազեկել են իրենց տնօրինությանը:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ԱՀ ոստիկանությունը ձեռնարկում է քրեադատավարական միջոցառումներ: