Դադարեցնում եմ ծառայությունս ՀՀ ոստիկանությունում․ Ասատուր Ասլանյան

Ոստւիկանության աշխատակից Ասատուր Ասլանյանը դադարեցնում է իր ծառայությունը ոստիկանությունում։ Նա իր ֆեկսբուքյան էջում գրել է․

«2016 թվականին, երբ երկարատև մտորումներից հետո որոշում կայացրեցի համալրել ոստիկանության շարքերը, համոզված էի, որ իմ լուման ներդնելով արդեն դարավոր ուղի անցած կուռ կառույցի հետագա զարգացման շրջափուլերին’ միշտ հավատարիմ եմ լինելու տվածս երդմանը, միևնույն ժամանակ չեմ կորցնելու քաղաքացուն վայել իմ հատկանիշներն ու իմ անցած ուղով ձևավորած կարծիքները: Այդպես էլ եղավ ու կա:

2020թ -ի աղետալի իրավիճակները եկան վերահաստատելու, որ պատերազմական իրավիճակում գտնվող պետության ղեկավարումը պետք է իրականացնեն բացառապես պատերազմի բովով անցած գործիչներ:

Ի՞նչ ունենք այսօր: Կորսված հայրենիք, հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ ու գերիներ: Ունենք հասարակության պառակտում, պրկված նյարդեր և որ ամենակարևորն է’ ահագնացող վտանգ Հայաստանի Հանրապետության սահմաններին, կարճ ասած’ պայթյունավտանգ իրավիճակ մեր հանրապետության ներսում, որն ուղեկցվում է մեր «կիրթ ու կառուցողական» հարևանների նոր տարածքներ գրավելու մտադրություններով:

Ոստիկանը պետության ներկայացուցիչն է, ոչ թե ներկայացուցիչը իշխանության կամ ընդդիմության, բայց, ցավոք, մեր օրերում ոստիկանությունը ծառայեցնում են ոչ իր նպատակներն ու խնդիրները կատարելու համար: Այսօր յուրաքանչյուրս պետք է կանգնենք ժողովրդի կողքին, այն ժողովրդի, որն իրեն դավաճանված է զգում, այն ժողովրդի, որն ունի հարազատի կորուստ, ով կորցրել է իր հայրենիքը, բայց այս ամենը չգիտակցելով’ օրվա իշխանությունները ընկել են մանրախնդրության հետևից ու իրենց մտածելակերպով պատժիչ գործողություններ են կիրառում իրենց ընդդիմացողների հանդեպ: Որոշել էին ինձ էլ որպես պատիժ տեղափոխել Մեղրի` իրենց ասելով ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, բայց ես քաջ գիտակցում եմ, թե ինչով է պայմանավորված այդ որոշումը: Պարզապես փորձում են լռեցնել, սակայն չեմ ուրանալու անցյալս, չեմ լքելու հայրենիքս ու ապագաս, իրական ապագաս, ոչ թե իրենց խոստացածը:

Ուստի այսօրվանից դադարեցնում եմ ծառայությունս ՀՀ ոստիկանությունում ժամանակավորապես և վստահորեն կանգնում մեր հրի ու սրի միջով անցած , բայց անկոտրում ժողովրդի կողքին:

Շնորհակալություն ոստիկանությունում ծառայող այն պատվախնդիր ոստիկաններին, ովքեր իրապես գիտակցում են իրենց առաքելությունն ու չեն վերածվում թիկնապահի, փառք Հայաստանի Հանրապետությանը և Արցախին: Հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր տվեցին իրենց կյանքը հանուն մեր կյանքի, հանուն մեր արժանապատիվ լինելության»։