Հայ օպերային երգիչ (տենոր), բեմադրիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ Միհրանի Գրիգորյանը  ծնվել է 1951 թվականի հունվարի 29-ին, Երևանում։ 1970-ականներին Գրիգորյանը հայտնի մեներգիչ է եղել ողջ Խորհրդային Միությունում։

1978 թվականին մասնակցել է Միլանի «Լա Սկալա» թատրոնի Գեղարվեստական կատարելագործման դպրոցի մրցույթին (Scuola di Perfezionamento Artistico) և ընդգրկվել այն չորս երգիչների կազմի մեջ, ովքեր հրավիրվել են աշխատանքային պրակտիկա անցնել «Լա Սկալա»-ում։ Ուսանելու տարիներին հրավիրվում է Փարիզ՝ գլխավոր դերով հանդես գալու Չայկովսկու «Օպրիչնիկ» օպերայի ռադիո-համեգին (31 հոկտեմբեր, 1979 թ )։

Խորհրդային Միության Մշակույթի նախարարությունը Գրիգորյանին արգելում է մասնակցել «Բորիս Գոդունով» ներկայացմանը, քանի որ այն բեմադրում էր հայտնի ռուս դիսիդետ-ռեժիսոր Յուրի Լյուբիմովը՝ ով արդեն կոնֆլիկտի մեջ էր սովետական իշխանությունների հետ (ավելի ուշ՝ 1984 թ-ին նրան զրկեցին քաղաքացիությունից)։ Սկզբում Գրիգորյանը մերժում է կատարել նախարարության պահանջը և մասնակցում է ներկայացմանը մինչ առաջին գլխավոր փորձը, սակայն երբ իշխանությունները սպառնում են նրա ընտանիքին, Գրիգորյանը ստիպված է լինում զիջել:

Վերադառնալով Խորհրդային Միություն՝ նրան այլևս թույլ չեն տալիս մեկնել արտասահման և Գեղամ Գրիգորյանը հայտնվում է Խորհրդային Միությունում այն տարիներին հայտնի «նևիեզդնոյ» (невыездной) արվեստագետների ցուցակում։ 1980 թվականին Վիրգիլիուս Նորեյկան, Լիտվայի օպերային թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, հրավիրում է Գրիգորյանին աշխատելու Լիտվայի օպերային թատրոնում։ 

«Երբ նա վերջապես սկսեց կանոնավոր հանդես գալ արևմուտքում, Վալերի Գերգիևի հովանու ներքո, Կովենտ Գարդենի հանդիսատեսը ցնցված էր, որտեղ Չայկովսկու «Եվգենի Օնեգինում» Լենսկիու կերպարի նրա մեկնաբանությունը քննադատների կողմից որակավորվեց որպես երաժշտական ոսկի» (The Telegraph, 30.03.2016)։

Գրիգորյանը երգել է տենորի համար գրված բոլոր բարդ դերերը (Մանտուայի դուքս «Ռիգոլետո» օպերայից՝ 208 ներկայացում, Ռադամես «Աիդա» օպերայից՝ 70 ներկայացում)։

Որպես հայ կատարողական արվեստի ներկայացուցիչ Գրիգորյանը մասնագիտական աննախադեպ բարձունքներ է նվաճել երկաթյա վարագույրի երկու կողմերում էլ։ Ընդամենը տասը տարվա արտերկրյա ակտիվ հյուրախաղային գործունեության արդյունքում Գեղամ Գրիգորյանը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը, որի ցանկը բացում են լեգենդար Էնրիկո Կարուզոն, Բենիամինո Ջիլին, Ֆրանկո Կորելլին։